Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարար․ Վրաստանում զորավարժությանը չմասնակցելու մեջ «որևէ քաղաքական դրդապատճառ չկա»


Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյան, արխիվ
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյան, արխիվ

Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը Վրաստանում սեպտեմբերի 3-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, դա պլանավորված էր, բայց ծրագրերում վերանայումներ են եղել, այսօր հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Պաշտոնապես հայտարարված չի եղել, որ մասնակցելու ենք, որ հիմա էլ ասենք՝ չենք մասնակցում», - պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց փոխնախարարը: - «Իսկ ցանկացած ծրագրերի մեջ որոշակի վերանայումներ հնարավոր են: Արտառոց որևէ բան դրա մեջ մի տեսեք, դա Զինված ուժերի սովորական, առօրյա գործունեությունն է և իր ծրագրերի մեջ որոշակի փոփոխություններ կարող է իրականացնել»:

Երեկ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան լրատվամիջոցներին հայտնել էր, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել զորավարժություններին։ Ըստ վրացական գերատեսչության ներկայացուցչի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանից երեք ռազմական բժիշկ պետք է մասնակցեր, բայց նրանց բացակայությունը, Գիորգի Կաչարավանի խոսքով՝ «էական ազդեցություն չի ունենա վարժանքների ընթացքի վրա»: Նշենք, որ հայաստանցի մոտ 30 զինվորականներ հուլիսի վերջին մասնակցել էին ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 մեծածավալ զորավարժություններին, որը անցկացվում էր արդեն երրորդ անգամ։ Այս առնչությամբ «Ազատությունը» պաշտպանության փոխնախարարից հետաքրքրվեց՝ եթե Հայաստանը իր մասնակցությունը պաշտոնապես չէր հաստատել, ապա ինչու՞ է վրացական կողմը Հայաստանի անունից հայտարարություններ անում։

«Ես չգիտեմ որտեղից են վերցրել Վրաստանում մեր գործընկերները, դրա համար՝ կճշտեն համապատասխան օղակները, այդ հարցի վերաբերյալ կասեն: Իսկ ինչ վերաբերում է բուն զորավարժություններին մասնակցել-չմասնակցելուն, ապա Հայաստանը երբևէ պաշտոնապես չի ասել, որ անպայման գնալու է և մասնակցելու է», - նշեց Արտակ Զաքարյանը:

Ճշտող հարցին՝ այստեղ ՀԱՊԿ-ի միջամտության հարց եղե՞լ է, փոխնախարարը վստահեցրեց․ - «Որևէ քաղաքական դրդապատճառ, վստահ եմ, չկա: Որևէ միջամտություն չկա»:

«Զորավարժություններին չմասնակցելը չի կարող ազդել Հայաստանի վարկանիշի վրա՝ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ մեր գործընկերը», - ասում է Զաքարանը։ Փոխանախարարը հորդորեց այս հարցում մեղավորներ չփնտրել, զորավարժություններին չմասնակցելն էլ չկապել ՀԱՊԿ-ի միջամտության հետ․ - «Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք և մեր անվտանգության ամենագլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգում ենք տեսնում: Մնացած բոլոր մեր համագործակցային խնդիրները՝ դուք անընդհատ ուզում եք սև ու սպիտակի բաժանել․ նման բան գոյություն չունի»:

Զորավարժություններին, որոնք տևելու են մինչև սեպտեմբերի 11-ը, մասնակցում են Միացյալ Նահանգների ծովային հետևակի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները:

Ինչո՞ւ այս երկրների ցանկից դուրս մնաց Հայաստանի անունը․ քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով պատճառը քաղաքական որոշումն է․ - «Միգուցե դա ռուս-ամերիկյան հարաբերությունների էսկալացիան է, միգուցե այլ ինչ-որ գործընթացներ կան, որոնց մասին կիմանանք որոշ ժամանակ հետո, բայց քաղաքական որոշում է տեղի ունեցել: Կարող ենք, օրինակ, ասել, որ ճնշումներից խուսափելու խնդիր է»:

Քաղաքական այս որոշմամբ Հայաստանը կորցրեց վերապատրաստված ու ավելի գրագետ մասնագետներ ունենալու հարցը՝ պնդում է Պողոսյանը։ Նրան ամենից շատ զարմացրել են, իր բնորոշմամբ, պաշտպանական գերատեսչության անհիմն մեկնաբանությունները։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նշում է՝ վերջին շրջանում ռուս-ամերիկյան թշնամական դարձած հարաբերությունները Հայաստանին ընտրության առջև են կանգնեցնում։ Գրիգորյանը նկատում է՝ սուվերենության խնդիր ունենք․ - «Մենք Ռուսաստանի հետ կապեցինք ամբողջը՝ մեր անվտանգությունը, մեր էներգետիկան, մեր երկաթգիծը, շատ ու շատ ոլորտներ: Այնքան ուժեղ կապեցինք, որ հիմա նույնիսկ այս ձևի քայլ, որը կարող է Ռուսաստանին դուր չգալ՝ մենք մտավախություն ունենք դրա մեջ մասնակցելու»:

Ռուսական կողմը կարող էր շատ ցավոտ, անգամ թշնամաբար ընդունել մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նշում է Գրիգորյանը։ Քաղաքագետը տպավորություն ունի, որ իշխանություններն իրավիճակային արձագանք են տալիս տարբեր հարցերի՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախասիրությունները։

Նշենք նաև, որ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` օգոստոսի 29-ից Ռուսաստանի «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը։ Դրանում ընդգրկված են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG