Ինչպես քաղաքական հնչեղություն ստացած այլ գործերի պարագայում, դատարանն այսօր արգելեց նաև Սամվել Բաբայանի դատավարության տեսանկարահանումը: Նման պահանջով միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազը: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը:
Սամվել Բաբայանը, մինչդեռ, կտրականապես դեմ էր, պնդելով, որ ցանկանում է հրապարակային դատաքննություն: Նա, մասնավորապես, ցանկանում էր, որ լուսաբանվի «Իգլա» զինատեսակն իրավապահներին հանձնած Հրաչյա Մայիլյանի հարցաքննությունը: - «Ես խնդրում եմ, որ եթե մենք դատական պրոցեսում ենք, լսենք իրար և հասկանանք՝ իրականում ինչ է կատարվել»,- դատարանում հայտարարեց Բաբայանը:
Ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը 50 հազար դոլար է խոստացել այս գործով մեղադրյալ Սանասար Գաբրիելյանին՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար: Գաբրիելյանն էլ Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանի միջոցով գտել է զինատեսակը: Մեղադրանքում թեև նշված է, որ պատվիրատու Սամվել Բաբայանին ցույց տալու համար «Իգլա»-ն լուսանկարվել է Արմավիրի գյուղերից մեկում, սակայն չի հստակեցվում՝ արդյո՞ք այն ներկրվել է Վրաստանից:
Շեշտելով, որ Վրաստանից ներկրման հանգամանքը գործում չկա, Բաբայանն ասաց․ - «Վրաստանից ոչ ոք ոչ մի բան չի բերել, ամբողջը ներկայացվել ա ստեղ: Հնարավորություն տվեք ապացուցելու, որ հասարակությունն իմանա իրականության մասին»:
«Իգլա» համալիրը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը հարցաքննվելու է հաջորդ նիստին:
«Իգլա»-ից բացի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված փողեր ձեռքբերելու մեջ, խոսքը հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված 5,000 եվրո թղթադրամների մասին է, որոնք, ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը ցանկացել է քիմիական մաքրման և վերամշակման միջոցով Հայաստանում շրջանառության մեջ դնել:
Այսօր հարցաքննվեց Մոսկվայից գումարը Հայաստան տեղափոխած ավտոբուսի վարորդը: Արմեն Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ Սամվել Բաբայանին չի ճանաչում:
Մոսկվա-Երևան ուղևորափոխադրող ընկերության ղեկավարը ևս հայտարարեց, որ չի ճանաչում Սամվել Բաբայանին, կատարել է այս գործով մեղադրյալ, իր ծանոթ Դավիթ Հարությունյանի խնդրանքը՝ ծրարը տեղափոխել Հայաստան, թեև ի տարբերություն վարորդի՝ իմացել է, որ պարունակությունը թղթադրամներ են: - «Ինձ խնդրեցին, որ խոշոր գումար կար բերելու, ասացի՝ եթե օրինական է, խնդիր չկա, կբերենք», - պատմեց նա:
Վկաներից մեկի հարցաքննությունը Սամվել Բաբայանը ընդհատեց՝ հայտարարելով, թե բոլոր ցուցմունքները ուղղորդված են քննիչի կողմից:
Այնուամենայնիվ, որքան էլ որ Սամվել Բաբայանը պնդի, թե գործը շինծու է, իրեն ազատազրկելու խնդիր է դրված եղել, միաժամանակ չի ասում, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով և արդյոք սա քաղաքական հետապնդում է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, երբ ակտիվ աջակցում էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին: