Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացին, ով վեց ամիս պատանդ է պահվել զինյալների մոտ, ապրիլին սպանվել է փախուստի փորձ կատարելիս։
Reuters գործակալությանը տված հարցազրույցում ELN-ի հրամանատարներից մեկը, ով ներկայացել է Երսոն անվամբ, հայտարարել է, որ Արսեն Ոսկանյանը սպանվել է այն ժամանակ, երբ մի նռնակ հափշտակելով՝ փորձել է դիմել փախուստի։
«Նա սպանվել է․․․ մարմնի հարցը կորոշվի բանակցությունների արդյունքում», - ասել է ELN-ի ներկայացուցիչը՝ չներկայացնելով Ոսկանյանի սպանության մասին վկայող որևէ ապացույց։
Reuters-ը գրել է, որ իրավիճակին տեղյակ ևս մեկ անձ է հաստատել Ոսկանյանի սպանության հանգամանքը, սակայն գործակալությունը չի կարողացել հստակ փաստեր գտնել։
Ավելի վաղ France-Presse լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ոսկանյանին հաջողվել է փախչել՝ զինաթափելով զինյալներից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին:
ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ թունավոր գորտեր էր որսում վաճառելու համար: Զինյալները, խմբավորման հավաստմամբ, պատրաստվում էին ազատ արձակել նրան Ռուսաստանի դեսպանատան հորդորով և հանձնելու էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:
«Ազգային ազատագրման բանակը» Կոլումբիայում ակտիվ գործող վերջին ձախ խմբավորումն է կառավարության և ավելի խոշոր «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» միջև խաղաղ համաձայնության կնքումից հետո: