Լոռու մարզի Աքորի գյուղի դպրոցում նորընտիր տնօրենի դեմ բողոքի շրջանակում իրականացված 50-օրյա դասադուլից 6 տարի անց նույն դպրոցի ուսուցիչ Արարատ Դալլաքյանն արձանագրում է՝ Հայաստանում հնարավոր է պայքարով ինչ-որ բանի հասնել, «բայց իշխանություններին դեռ այսօր էլ ձեռնտու չէ իրենց կամքին դեմ գնացողներ տեսնել» ու ամեն ինչ անում են հատկապես դպրոցներում «հնազանդ տնօրեններ ունենալու համար»։
Դպրոցի աշակերտներն ու աշխատակազմի հիմնական մասը 6 տարի առաջ դեմ են եղել մրցույթով ընտրված տնօրենին, 50-օրյա դասադուլով նրան ստիպել են հրաժարական տալ ու նոր ընտրություններ կազմակերպել։ «Այն որ ընտրված տնօրենը հրաժարական տվեց, և հայտարարվեց նոր մրցույթ, դա արդեն հաղթանակ էր: Բայց հետագա ընթացքը ցույց տվեց, որ շատ դժվար է դուրս գալ համակարգի դեմ»,- «Ազատությանն» ասաց Դալաքյանը, հավելելով՝ իշխանությանը «հնազանդ մարդ էր պետք»:
Նա պատմում է, որ դասադուլի ընթացքում բազմիցս փորձել են իրենց համոզել՝ դադարեցնել բողոքի ակցիան, բայց «իրենք շարունակել են պնդել արդար պահանջն ու հասել են արդյունքի», թեև երկրորդ մրցույթով ոչ թե դասադուլավորների կողմից պաշտպանվող թեկնածուն է ընտրվել տնօրեն, այլ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Կիմիկ Պետրոսյանը։
Արարատ Դալլաքյանն ասում է՝ իրենց պայքարով մասնակի արդյունքի հասան, բայց մի կարևոր ձեռքբերում ունեցել են․ «Թեկուզ այն, որ ընտրությունների ժամանակ կոչ չեն անում՝ ընտրեք այս կուսակցությանը կամ թեկնածուին, գիտեն, որ կոլեկտիվը միևնույն է՝ չի ենթարկվում: Մի քայլ առաջ գնացինք»:
Պատմության ուսուցիչ Արարատ Դալլաքյանը ևս տնօրենի պաշտոնի հավաստագիր է ստացել, որպես թեկնածու առաջադրվելու իրավունք է ունեցել, բայց չի մասնակցել ընտրություններին։ Համոզված է՝ առանց իշխանությունների համաձայնության դա հնարավոր չէ․ «Տեսա էդ ներքին խոհանոցում ինչ է կատարվում․․․ ուրիշ պայմաններ են պետք, ուրիշ Հայաստան է պետք, որ ես առաջադրվեմ»:
Աքորիի դպրոցի ներկայիս տնօրեն Կիմիկ Պետրոսյանը դասադուլի օրերին չի մասնակցել բողոքի ակցիային։ Ասում է՝ այսօր էլ դեմ է դասադուլի միջոցով արդյունքի հասնելուն։ «Եթե մի նման քայլի ժամանակ մասնակցում են մինչև 13 տարեկան երեխաներ, դա ես չէի ընդունում, որովհետև երեխաները գործիք չեն»,- ասում է Պետրոսյանը։
Տնօրեն Կիմիկ Պետրոսյանից այսօր ոչ բոլորն են գոհ, մինչդեռ վերջինս դասադուլ անողների «պայքարի արդյունքում է ընտրվել»: Դպրոցի տեխնիկական աշխատողներից ոմանք, ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները, ասում էին, թե տնօրենն անտեսում է իրենց պահանջները․ «250 երեխա կա, երեխանց մեջքը կոտրում ա, ոչ դաս ա անում, ոչ բան ա անում, ոչ կոլեկտիվ կա․․․»:
Տնօրեն Կիմիկ Պետրոսյանը տեղյակ է իր աշխատողների դժգոհությունից։ Սակայն, ասում է՝ իրավիճակն ի օգուտ նրանց փոխել չի կարող․ աշակերտների թվի նվազման հետևանքով տեխնիկական աշխատողների թույլատրելի դրույքը նվազել է, ինքն էլ չի կարողանում կրճատել տարիներ շարունակ դպրոցում աշխատած համագյուղացիներին։ Վերջիններս, սակայն, հակափաստարկներ ունեն: «Եկել էին ներքին համաձայնության, որ աշխատեն, բայց քիչ վարձատրվեն, 0,75 դրույքաչափով»,- ասում է պատմության ուսուցիչը:
Աքորիի դպրոցի աշխատողները նոր ուսումնական տարում անհամբեր սպասում են փոփոխությունների։ Մարզպետարանից աշխատավարձի բարձրացման մասին խոստումներ են ստացել։ Մինչդեռ՝ պատմության ուսուցիչ Արարատ Դալլաքյանը կարևոր է համարւմ ոչ թե լռությամբ վիճակի հետ համակերպվելը, այլ իրավիճակ փոխելու համար ձայն բարձրացնելը։