Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Շիրխանյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը


Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց զինված խմբի գործով անցնող գլխավոր մեղավորներից ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի կալանքը փոխելու վերաբերյալ:

Ալումյանի փաստարկները, թե պետք է հաշվի առնել Շիրխանյանի տարիքն և այն, որ անազատության մեջ գտնվելով նրա առողջական վիճակն է՛լ ավելի է վատթարացել, չհամոզեցին դատավորին: Շիրխանյանը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ:

Շուրջ 6 ժամ տևած դատական նիստի ընթացքում դատարանը լսեց այս գործի անջատված մասով անցնող 5 մեղադրյալների: Մինչ դահլիճ կմտներ նրանցից առաջինը՝ «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանը, մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանն արգելի տեսանկարահանումն ու օնլայն հեռարձակումը: Դատարանը բավարարեց միջնորդությունը, թույլատրելով միայն ձայնագրել նիստը: Լիլիթ Թորոսյանը հրաժարվեց ցուցմունք տալ ու պատասխանել ամբաստանյալների և փաստաբանների հարցերին, պատասխանեց միայն մեղադրող դատախազների հարցերին: Թորոսյանն ասաց միայն՝ հաստատում է այն ինչ գրել է իր նախնական ցուցմունքում, իսկ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մեղադրող դատախազը հրապարակեց Լիլիթ Թորոսյանի ցուցմունքը, ըստ որի՝ ինքը ձայնագրել է Արթուր Վարդանյանի և գործով անցնող ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսակցությունները և այդ ձայնագրությունները փոխանցել է նախաքննական մարմնին։ Լրագրողն իր նախաքննական ցուցմունքում նաև գրել է․ - «Եթե ուզում եք իմանալ, թե Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը ինչ հեղաշրջման մասին են խոսել, ապա կարող եք լսել ձայնագրությունում»:

Ըստ հրապարակված ցուցմունքի՝ զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը ցանկացել է հանդիպել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ և Շիրխանյանը խոստացել է կազմակերպել այդ հանդիպումը։

Լիլիթ Թորոսյանը նախաքննական ցուցմունքում նաև ասել է, որ Արթուր Վարդանյանը սպառնացել է իրեն՝ ասելով, որ եթե Լիլիթը երբևէ խոսի այս հանդիպումների մասի, ապա նրա ընտանիքին վտանգ կսպառնա։

Հաջորդ մեղադրյալ Կարեն Խաչատրյանը նույնպես հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, բայց դեմ չէր հարցերին պատասխանել: Ասաց, որ ամբաստանյալներից՝ Ապար մականունով հայտնի Էդվարդ Ներսիսյանի մարտական ընկերն է: Պատմեց՝ Արթուր Վարդանյանի վարձակալած Նորք Մարաշի առանձատուն է գնացել Ապարի հրավերով: Վերջինս ասել է, թե զոհված ազատամարտիկների երեխաները ճաշկերույթ են կազմակերպել: Կարեն Խաչատրյանն ասաց՝ տեղեկություններ չունի զինված խմբի, հանցավոր համագործակցության և Հայաստանում հեղափոխություն նախապատրաստելու մասին: Հավելեց՝ նախագահի ինքնաթիռ խոցելու մասին բանտում է իմացել:

Մեղադրյալ Աղասի Մարտիրոսյանը նույնպես չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցելը, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Ասաց մեղադրանքում անհավանական բաներ են գրված: - «Այստեղ նայեք՝ Ռեմբոյի նման ո՞ւմ եք տեսնում: Ես նմա՞ն եմ Ռեմբոյին», - հեգնեց նա:

Աղասի Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, թե նախաքննական ցուցմունքը գրելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն իր վրա ճնշում է գործադրել ու սպառնացել։

Հաջորդ մեղադրյալը՝ Սրբուհի Այվազյանը, նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ: Դատախազը հրապարակեց նախնական ցուցմունքը, որում նա գրել էր, որ Արթուր Վարդանյանի հետ շփվել է մոտավորապես 4 տարի, շփվել են շատ ազատ, չի իմացել, որ նա ամուսնացած է, ընդգծել էր, որ չի թաքցրել իր համակրանքը, նրան նույնիսկ իր անձնական լուսանկարներն է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG