Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներում «որևէ նոր բան չկա»: Նա ասել է, որ դրանց մասին բազմիցս նշվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թվականների ընթացքում արված համատեղ հայտարարություններում կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
Հիշեցնենք՝ պաշտոնից հեռանալուց առաջ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել էր Մադրիդյան սկզբունքներից վերցված վեց տարրերը՝ որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնություն հաստատելու համար:
Մինսկի Խմբում ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Էնդրյու Շեֆերը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը երեկվա ճեպազրույցում ողջունել է ամերիկացի նոր համանախագահի նշանակումը, հույս հայտնելով, որ թարմացված կազմով համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կողմերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: - «Հուսով ենք թիմային մոտեցումը, որը միշտ բնորոշ էր «եռյակին»՝ կպահպանվի», - ասել է Զախարովան:
Երեկ Ղարաբաղի խնդրի կարգավորմանն է անդրադարձել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա, մասնավորապես, հայտարարել է․ - «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը մնում է հակամարտության գոտում բռնությունների հիմնական պատճառը և հանդիսանում է հակամարտության քաղաքական կարգավորման գլխավոր խոչընդոտը»:
Մամեդյարովը խոսել է Բուդապեշտում կայացած Վիշեհրադյան խմբի և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը: (Վիշեհրադյան խմբի մեջ չորս երկիր է մտնում՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան, իսկ Եվրամիության Արևելյան գործընկերությունում ընդգրկված են հետխորհրդային վեց երկիր՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը և հարավկովկասյան երեք երկրները):
Ղարաբաղյան հակամարտության գոտու ընթացիկ իրավիճակի հետ կապված Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հերքում են հայկական կողմի տեղեկատվությունը, թե ԵԱՀԿ-ի մոնիթորինգի ընթացքում ադրբեջանական կողմից մոնիթորինգային խմբի վրա կրակ է բացվել Չինաի գյուղի ուղղությամբ: Այս միջադեպի վերաբերյալ հարց է ուղղվել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակին: Մարիա Զախարովան ասել է, թե իրավիճակի սրման դեպքում իրենք միշտ կողմերին կոչ են արել կշռադատված մոտեցում ցուցաբերել՝ նպատակ հետապնդելով ոչ թե սրել իրավիճակը, այլ շարժվել քաղաքական կարգավորման ուղղությամբ: Իսկ կոնկրետ այդ միջադեպի կապակցությամբ Զախարովան ասել է, թե կարծում է՝ փորձագետները պետք է ասեն իրենց խոսքը տեղում ուսումնասիրելով իրավիճակը: