Մատչելիության հղումներ

Ճիշտ պատասխան կլիներ, եթե դիտորդների ներկայությամբ Հայաստանը պատասխան կրակ բացեր Ադրբեջանի ուղղությամբ. քաղաքագետ


Ճիշտ պատասխան կլիներ, եթե հենց դիտորդների ներկայությամբ երեկ Հայաստանն էլ պատասխան կրակ բացեր Ադրբեջանի ուղղությամբ, այսօր «Ազատության» եթերում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյան՝ անդրադառնալով երեկ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ արձակված կրակոցներին։

«Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը՝ հստակ քաղաքականությունը։ Այդտեղ կա տրամաբանություն՝ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, տարբեր միջազգային կառույցներ հայտարարում են, որ ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Հայաստանն էլ էր այդպես ասում, Ադրբեջանը երբեք այդպես չի ասում։ Ադրբեջանի դիրքորոշումը սա է՝ «այո՛, մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծվեր, բայց եթե չլինի, մենք այդ հարցը կլուծենք պատերազմի միջոցով»։ Եվ հիմա իրենց այդ քայլով ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության վրա, թքած ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքի վրա, թքած ունեն ՀԱՊԿ-ի կարծիքի վրա, որովհետև Հայաստանի ուղղությամբ էր հարվածը, և շտապում են, ճնշում են գործադրում միջազգային հանրության վրա, որպեսզի նրանք իրենց հերթին ճնշում գործադրեն Հայաստանի վրա և արագացնեն բանակցային գործընթացը», - ասաց քաղաքագետը։

Ըստ Բաղդասարյանի, Ադրբեջանը հիշեցնում է, որ ստատուս քվոն երկար պահպանել չի կարելի։

«Ինչ պետք է անի հայկական կողմը՝ հայկական կողմը ոչ թե պետք է ամեն անգամվա նման ասի՝ «այ, միջազգային հանրություն, տեսեք, թե նրանք ինչ ագրեսոր են և դատապարտեք», այլ Հայաստանն իր հերթին պետք է իր տրամաբանության մեջ գործողություններ կատարի։ Մեր տրամաբանությունը որն է, մենք ասում ենք՝ «խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, մենք պատերազմ չենք սկսի, բայց մենք պատերազմից չենք վախենում, եթե նրանք հարվածեն, մեր հարվածը կլինի ավելի հզոր», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Հայկական կողմը նույն դիտորդների ներկայությամբ պետք է կրակ բացեր, որպեսզի նույն ուղերձը հասցներ, որ «տեսե՛ք, ասել ենք, մենք չենք կատակում՝ եթե նրանք հարվածեն, մենք ավելի ուժեղ ենք հարվածելու»։ Էդ դեպքում տրամաբանական կլիներ և՛ նրանց, և՛ մեր գործողությունները, միջազգային հանրությունն էլ կհասկանար, որ մենք չենք կատակում, երբ ասում ենք, որ ուժգին հարված կհասցնենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG