Մատչելիության հղումներ

Բաբլոյան․ «Վարչապետի հարցը քննարկելու ենք ապրիլին»


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

Իշխող Հանրապետականը (ՀՀԿ) քննարկելու է վարչապետի հարցը ապրիլին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Բաբլոյանը, ով նաև ՀՀԿ խորհրդի անդամ է, միաժամանակ հարկ համարեց ընդգծել՝ վարչապետի հարցում Հանրապետականը միատարր է և ունի ընդամենը մեկ կարծիք։

«Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին՝ բոլորս միասին», - ասաց Բաբլոյանը:

«Ազատության» հարցին, թե վարչապետի թեկնածության հարցի շուրջ կուսակցության ներսում քննարկումներ կա՞ն, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց․ - «Դրանք կքննարկվեն ապրիլ ամսին»:

2018-ի ապրիլին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, որից հետո, փաստորեն, Հայաստանը լիարժեքորեն անցում կկատարի խորհրդարանական հանրապետության՝ վարչապետին տրված լայն լիազորություններով: Ներկայիս կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն:

Հարցին, թե չի՞ կարծում, որ ուշ կլինի ապրիլին վարչապետի հարցը քննարկել, Բաբլոյանը պատասխանեց. - «Չէ՞»։

Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ի ներսում կա՞ն տարբեր խմբեր, որ վարչապետի տարբեր թեկնածուներ ունեն, Արա Բաբլոյանը, պատասխանեց․ - «Ո՛չ, Հանրապետականը միատարր է և ունի ընդամենը մեկ կարծիք, որը կձևավորվի ապրիլ ամսին»:

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին յոթ ամսից մի փոքր ավելի է մնացել, սակայն ՀՀԿ ղեկավարը հրաժարվում է հստակեցնել՝ արդյո՞ք 2018-ի ապրիլից հետո մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թե՝ ոչ:

«Արմենիա» հեռուստաընկերությանը հուլիսին տված հարցազրույցում Սարգսյանը դարձյալ անորոշ թողեց այս հարցի պատասխանը՝ ընդգծելով՝ «ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի թեկնածությունը»:

«Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չի, չէ՞։ Մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ, մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց արդեն Հայաստանը անձնակենտրոն իշխանություն չունի », - ասաց նախագահը։

Այն, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի զբաղեցնելու վարչապետի աթոռը, նախագահ Սարգսյանը խոստացել է դեռ 2014- ապրիլին՝ սահմանադրական հանրաքվեից առաջ:

«Ես չեմ հավակնում նաև վարչապետի պաշտոնին», - ասել է Սերժ Սարգսյանը։

Սակայն հանրաքվեից ընդամենը տասն ամիս անց Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում նախագահ Սարգսյանն այլևս չբացառեց վարչապետ դառնալու տարբերակը:

«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելի: Ինչո՞ւ: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում, մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին», - ասել է Սերժ Սարգսյանը։

Այս տարվա մարտին էլ նա հայտարարեց՝ չգիտի, թե ապագայում ինչ կարգավիճակ կունենա երկրի անվտանգության ապահովման գործում. - «Չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։

2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնում աշխատելու ցանկության մասին ավելի որոշակի արտահայտվել է մեկ այլ հանրապետական՝ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը: Ճի՛շտ է, ՀՀԿ առաջին փոխնախագահը ընդգծել է՝ եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի:

Տարվա առաջին ամիսներին լրատվամիջոցներում բազմաթիվ էին հրապարակումները, որ այս առումով անգամ հակասություններ կան նախագահ Սարգսյանի ու վարչապետ Կարապետյանի միջև: Հունվարին՝ լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը փորձեց փակել թեման:

«18 թվին էլ, գա՝ կխոսանք: Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ՝ ամենաշատ հուզող հարցը Ձեզ այս պահին դա՞ է: Հստակություն կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն՝ չեմ լինի: Տրամադրվա՞ծ եմ լինեմ․ եթե էֆեկտիվ աշխատենք՝ այո, եթե էֆեկտիվ աշխատենք և ապրիլյան այս ընտրությունները Հանրապետականը հաղթի», - արձագանքեց վարչապետը՝ հավելելով․ - «Բոլոր հնարավոր մեկնաբանությունները այս հարցի պատասխանի եթե հաշվի առնես, պետք է չպատասխանես էս հարցը, որովհետև ոնց ուզում եք տեքստից կարող եք մի մասը հանել և մեկնաբանել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG