Մատչելիության հղումներ

10 տարի առաջ փակված հայ-վրացական սահմանը դժվարացրել է ջիլիզեցիների կյանքը


Վրաստանի հարևան Լոռու մարզի Ջիլիզա գյուղի բնակիչ Ալբերտ Լալայանն իր տանը հյուրեր ընդունելիս պարտավոր է տեղյակ պահել սահմանապահներին: Հյուրերը պետք է հատուկ անցագիր ունենան իր տնից մոտ 100 կմ հեռու՝ Պուշկինո գյուղում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարությունից։

«Մեզ ասում են՝ դուք սահմանում չեք ապրում, սահմանային օրենքը ձեզ չի վերաբերում, բայց երբ որ գալիս են լրագրողները սահման, մենք սահմանում ենք ապրում․ պետքա ջոկատի պետն էլ իմանա, պրեզիդենտն էլ իմանա, եսիմ ով իմանա», - ասում է Լալայանը:

Ջիլիզա գյուղի մուտքի մոտ տեղադրված ցուցանակը տեղեկացնում է, որ այդ կետից սկսած սահմանային շերտ է և միայն անձը հաստատող փաստաթղթով է հնարավոր մուտք գործել։ Չնայած մինչև գյուղամեջ մեզ հարցուփորձ անողներ չեղան, բայց այստեղ արդեն մեր յուրաքանչյուր տեղաշարժ սահմանապահի հսկողության ներքո էր։ Գյուղացիները պնդում են, որ այս սահմանափակումներից դժգոհ՝ շատերը լքում են գյուղը, հատկապես սահմանին ամենամոտ գտնվող Գոմակ թաղամասը, որտեղ ժամանակին 32, իսկ այսօր ընդամենը 5 ընտանիք է ապրում։

10 տարի առաջ փակված հայ-վրացական սահմանը դժվարացրել է ջիլիզեցիների կյանքը։ Նախկինում Վրաստանի հայաբնակ գյուղերի հետ անընդհատ կապի մեջ են եղել թե՛ առևտրի, և թե՛ բարեկամության առումով։ Անգամ ավտոբուս է գործել։ Հետո, սակայն, սահմանային անցակետ են տեղակայել՝ հատուկ ուժեղացված հսկողությամբ։ Վերջին 10 տարիներին հայ-վրացական սահմանն անգամ անգիտակցաբար խախտելու համար ջիլիզեցիներ են դատապարտվել։

«Շատ ենք պայքարել, դիմում ենք գրել, գյուղապետն ա շատ փորձեր արել էդ ճանապարհը բացելու, սահմանի համար, բայց առայժմ ոչ մի արդյունք չկա», - պատմում է գյուղի դպրոցի փոխտնօրեն Ալիսա Խասիկյանը:

Վրաստանի հայաբնակ գյուղեր հասնելու համար ջիլիզեցին պետք է գնա Ալավերդի, հասնի Բագրատաշեն, հատի սահմանն ու կտրի ևս 100 կմ ճանապարհ։ 3 կմ-ը ջիլիզեցու համար դարձել է 350 կիլոմետր։

Ամենադժվարն անասնատերերի գործն է, երբ հարկ է լինում հետ բերել սահմանախախտ անասուններին։ Գյուղացիներն ասում են՝ կորուստ ունեցողները բացի Վրաստանի իշխանությունների հետ անօգուտ նամակագրությունից, այլ բան չեն տեսնում։

«Մենք ստեղան դիմումը գրում ենք, նրանք ընդիան դիմումին պատասխանում են, մենք գրում ենք, նրանք պատասխանում են։ Ոնց որ կարտ խաղ անես էլի», - պատմում է Սպանդար Ծատինյանը, ով դեռ երկու տարի առաջ կորցրած 5 կովերն այդպես էլ չի կարողացել ետ բերել։

Պատմում է, որ ընդամենը 300 մետր հեռացած անասունին հասնելու համար 4 ժամանոց ճամփա է կտրել․ - «Եթե սահմանը բաց լիներ, անմիջապես, էդ տվյալ ասած ժամանակ կանցնեի, ես իմ անասունը հետ կբերեի, բայց որովհետև փակ էր, մինչև Բագրատաշենով պտտվեցինք, գնացինք, արդեն անասունը չկար»:

Ջիլիզայի 25-ամյա բնակիչ Գոռը նկարիչ է։ Մեր այցելության օրը մեկնել էր պայմանագրային զինծառայության՝ գյուղի չգործող խանութի պատին թողնելով իր կարգախոսը՝ մի դադարիր երազել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG