Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»․ Կրեմլը առաջիկայում կհայտարարի Պուտինի ինքնառաջադրման մասին


Թեև չի բացառվում, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտոնապես առաջադրի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ինչպես 2012-ի ընտրությունների ժամանակ:

Ռուսաստանի նախագահը դեռ չի հայտարարել 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, սակայն ռուսաստանյան աղբյուրները գրում են, որ Կրեմլն արդեն ակտիվորեն աշխատում է Պուտինի նախընտրական արշավի ռազմավարության վրա: Երեկ Ղրիմում Պուտինին աջակցող Համառուսաստանյան ժողովրդական ճակատ շարժումը հայտարարել է երիտասարդական թևի ստեղծման մասին, որի ներկայացուցիչները հուսով են, որ իրենց ներկայացրած ծրագրերը կդրվեն Պուտինի նախընտրական քարոզարշավի հիմքում:

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Կրեմլը առաջիկա ամիսներին կհայտարարի Պուտինի ինքնառաջադրման մասին։ Թեև չի բացառվում, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտոնապես առաջադրի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ինչպես 2012-ի ընտրությունների ժամանակ:

Թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում գրեթե բոլորը համոզված են, որ Պուտինը մասնակցելու ու հաղթելու է գալիք նախագահական ընտրություններում: Հարցականի տակ է թերևս միայն այն, թե ինչ տոկոսով կհաղթի Պուտինը և կունենա արյդոք իրական մրցակիցներ: Թերթի տվյալներով, նախընտրական արշավից առաջ Կրեմլը որոշել է թարմացնել Պուտինի վստահված անձանց ցուցակը՝ ներգրավելով երիտասարդների: «Մեզանից շատերին արդեն չեն կանչում խորհրդակցությունների», - ասում է Պուտինի վստահված անձ Ալեքսանդր Իպատովը՝ համաձայնելով, որ թոշակառանուներին պետք է փոխարինեն երիտասարդները։

Կրեմլը մտադիր է հրաժարվել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներից, մարզիկներից, հատկապես նրանցից, ովքեր վարկաբեկել են իրենց։

Ինքնառաջադրումը նշանակում է, որ պետք է կազմակերպվի ստորագրահավաք: «Կոմերսանտը» գրում է, որ ինքնառաջադրումը քննարկվում է այսօր որպես հինական սցենար:

«Ընտրություններին մասնակցելու որոշման մասին Պուտինը մտադիր է հայտարարել դեկտեմբերին: Այսինքն դեռ ժամանակ կա վերջնական որոշում կայացնելու համար: Սակայն եթե նույնիսկ որոշվի, որ Պուտինը ինքնառաջադրվում է, ստորագրահավաք կազմակերպելու ուղղությամբ հիմնական աշխատանքը կանի «Եդինայա Ռոսիան»», - գրում է «Կոմերսանտը»:

2012-ին, հիշեցնենք, Պուտինին պաշտոնապես առաջադրել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, սակայն նրա քարոզարշավով հիմնականում զբաղվում էր Ժողովրդական ճակատը, որում ներգրավված էին մեծ թվով հանրահայտ մարդիկ:

Հունիսին, օրինակ, Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, իշխող կուսակցության վարկանիշը կազմում էր 50 տոկոսից պակաս: Պուտինի վարկանիշը հունիսի տվյալներով նույնպես 50 տոկոսի սահմաններում էր։

Մինչդեռ ռուսաստանցի փորձագետները շեշտում են, որ Պուտինին պետք է հաղթել ընտրությունների առաջին փուլում, և ամենաթույլ օղակն այս առումով երիտասարդներն են: Վերջին շրջանում Ռուսաստանում անցնող բոլոր բողոքի ակցիաների ամենաակտիվ մասնակիցները երիտասարդներն են, իսկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տեսահոլովակները դիտում են տասնյակ միլիոնավոր երիտասարդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG