Մատչելիության հղումներ

2012-2016 թվականներին Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կրճատվել է մոտ 200 հազարով


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան

Նախորդ հինգ տարիներին Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կրճատվել է շուրջ 200 հազարով: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2012 թվականին երկրի տնտեսապես ակտիվ բնակչությունը մեկ միլիոն 418 հազար էր, 2016-ին՝ մեկ միլիոն 226 հազար:

Եթե ստացված թիվը բաժանենք տարիների, ապա նախորդ հինգ տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կրճատվել է միջինը մոտ 40 հազարով:

Մինչ տնտեսագետները նշվածը «աղետ» են որակում երկրի տնտեսության համար, Կառավարությունում լավատես են․ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր խորհուրդ տվեց ավել շատ կենտրոնանալ ՀՆԱ-ի, արդյունաբերության և արտահանման աճի վրա․ - «Ես ճիշտ չեմ համարում, որ մենք ներկայումս մեկնաբանենք, թե 12-16 թվականների ընթացքում ինչքանով է կրճատվել: Ես կարող եմ և կոչ կանեմ, որպեսզի մենք անդրադառնանք վերջին տարվա ընթացքում․․․ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և եթե մենք ուզում ենք խոսենք տնտեսության զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը: Դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, դա արտահանման աճն է, դա արդյունաբերության աճն է և մնացած այլ ցուցանիշները»:

Անցած տարի Հայաստանը փակեց ընդամենը 0.2% տնտեսական աճով, ինչը ամենցածար ցուցանիշն էր 2009թ․ տնտեսական խորը անկումից հետո:

Ազգային վիճակագրական ծառայության և Ֆինանսների նախարարության տվյալներով, եթե 2008 թվականին՝ տնտեսական ճգնաժամին նախորդած տարում, երկրի համախառն ներքին արդյունքը կազմում էր 11,9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը 1,9 միլիարդ դոլար էր, ապա 2016-ը փակեցինք 10,5 միլիարդ դոլար ՀՆԱ-ով, իսկ պետական պարտքն ավելացել էր ավելի քան երեք անգամ՝ կազմելով 5 միլիարդ 942 միլիոն դոլար:

Փաստորեն իշխանությունները հաջողացրել են անգամներով ավելացնել պետական պարտքը, սակայն չեն հաջողել վերականգնել շուտով տասը տարվա վաղեմության տնտեսական մակարդակը:

Այս տարվա ընթացքում պետական պարտքը շարունակել է աճել․ Ֆինանսների նախարարության տվյաներով, 2017-ի առաջին յոթ ամիսներին պետական պարտքն ավելացել է 259 միլիոն դոլարով և հուլիսի 31-ի դրությամբ կազմել 6 միլիարդ 201 միլիոն դոլար:

Հայաստանի Կենտրոնական բանկը 1994-1998 թվականներին ղեկավարած Բագրատ Ասատրյանի խոսքով, տնտեսապես ակտիվ բնակչության նման աղետալի կրճատումը և ՀՆԱ-ի ու պետական պարտքի մակարդակները ի ցույց են դնում տնտեսության վատ վիճակը․ - «Մարդիկ գնում են Հայաստանից՝ զբաղվածները կամ տնտեսապես ակտիվները: Դա 16-ից մինչև թոշակային տարիքի բնակչությունն է․․․ լքում են: Սա մի գործոնն է: Երկրորդը իհարկե ժողովրդագրական կառուցվածքն է․ մեր բնակչության ժողովրդագրական կառուցվածքում, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների կամ աշխատող - չաշխատող հարաբերակցության որոշակի ոչ դրական տեղաշարժեր են տեղի ունենում»:

Ըստ Ասատրյանի, բնակչության շարունակվող կորստով Հայաստան տարեցտարի նվազեցնում է տնտեսական զարգացման անցնելու իր հնարավորությունը․ - «Տնտեսություն ասածը մի քանի տիպի ռեսուրսներ են: Ռեսուրսներից կարևորագույնը կամ ոչ պակաս կարևորը աշխատանքային ռեսուրսն է: Սա տնտեսության այբուբենն է, և այս պրոբլեմը շատ-շատ լուրջ է, բայց համարժեք վերաբերմունքի այդպես էլ չի արժանացել իշխանությունների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG