Մատչելիության հղումներ

Երևանում մի կնոջ պատանդ վերցրած 31-ամյա տղամարդը մահացել է


Երևանի բիլարդ ակումբներից մեկում այսօր կեսօրին մի տղամարդ ժամեր շարունակ պատանդ էր պահել մի կնոջ: Ոստիկանների կողմից վնասազերծվելուց հետո պատանդառուն մահացել է հիվանդանոցում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքի վայր հասած ոստիկանները փորձել են բանակցություններ վարել տղամարդու հետ, սակայն նա չի ցանկացել հանձնվել և ազատ արձակել կնոջը: Ոստիկանության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես էր տղամարդը դանակը սեղմած պահել կնոջ պարանոցին:

Ոստիկանությունից նաև հայտնեցին՝ երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից հետո ակնհայտ է դարձել, որ տղամարդը փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով, մասնավորապես՝ բանակցությամբ հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուին վնասազերծելու որոշում է կայացվել:

Պատանդն ու վնասազերծվածը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված՝ ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, չնայած բուժանձնակազմի ջանքերին»:

Հայթայանը նաև գրել է, որ նույն ժամանակահատվածում բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Բժիշկները կնոջ վիճակը գնահատել են միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության փոխանցմամբ՝ կնոջը պատանդ վերցրած տղամարդը 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանն է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննություն է կատարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG