Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան․ «Ընդդիմադիր օջախները, մինչև 2018-ի ապրիլ, որքան քիչ՝ այնքան լավ»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, ինչպես նաև քաղաքական մյուս դատավարությունները կարող են շարունակվել մինչև մյուս տարվա ապրիլ, կարծում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հայաստանում ընդդիմադիր օջախները, մինչև 2018-ի ապրիլ, որքան քիչ՝ այնքան լավ: Այս պարագայում, կարծում եմ, դատավարությունը կարող է տևել մինչև 2018 թվականի ապրիլ և դրանից հետո ինչ-որ մի որոշում կընդունվի, հնարավոր է՝ նաև ազատեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ 2018-ի ապրիլին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն: «Ժառանգության» փոխնախագահն ասում է՝ չգիտի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր պաշտոնավարման վերաբերյալ Սամվել Բաբայանի կարծիքը: Նրա խոսքով, այդ հարցի լավագույն պատասխանը կարող է տալ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը:

Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան դաշինքի աջակից Սամվել Բաբայանը կալանավորվեց 2017-ի գարնանը կայացած խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նա մեղադրվում է «Իգլա» զինատեսակի ձեռք բերման և փողերի լվացման մեջ: Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Երեկ կայացած դատական նիստում նա կարծիք էր հայտնել, որ իրեն «ձերբակալելու, դատելու խնդիր է դրված»:

Իր հերթին՝ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանում է․ - «Երկու տարբերակ պետք է լինի: Կա՛մ իսկապես դա քրեական գործ պետք է լինի, այսինքն Սամվել Բաբայանը պետք է իսկապես պատվիրած լիներ «Իգլա»-ն, այդ «Իգլա»-ն պետք է Սերժ Սարգսյանի դեմ օգտագործվեր, հատուկ մարդիկ պետք է լինեին դրա համար, պլան և այլն, կա՛մ դա քաղաքական կարող է լինել, որովհետև, նույնիսկ եթե դա նախընտրական ժամանակաշրջան չլիներ, նույնիսկ եթե Սամվել Բաբայանը իր ընկեր ազատամարտիկների հետ մեծ աջակցություն չբերեր դաշինքին, ինչի պատճառով նաև իրեն բռնեցին, միայն այն հանգամանքը, որ բռնել են մի անձնավորության, որը իննսունականների սկզբին եղել է Արցախի հաղթող բանակի հրամանատարը, միայն այդ փաստը արդեն հերիք էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG