«Նաիրիտ» գործարանում անվտանգության կանոնները հավանաբար խախտվել են, ինչի հետևանքով էլ երեկ բռնկվել են շուրջ 7 տարի կուտակված թափոնները, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
«Իրականում արտադրության ժամանակ այդ նյութը մենք ինքներս այրում ենք: Կան հատուկ վառարաններ՝ նյութը այրելու համար», - մանրամասնեց Իսրայելյանը: - «Իսկ ինչո՞ւ է այսպես եղել․ այս դեպքի հետ կապված ես ինչքան հետաքրքրվել եմ, գիտեմ, որ ունենք 4-5 հատ տարաներ, որոնք բաց են, շփում կա օդի, այդ տարաներն են վառվել: Իսկ նման տարաներում պահպանումը՝ ժամանակին մենք աղաջուր էինք լցնում տարաների վրա, որպեսզի թույլ չտանք շփում օդի հետ»:
«Նաիրիտ»-ի նախկին տնօրենի խոսքով, հրավտանգ նյութի նման կուտակում թույլ չտալու համար հարկավոր էր այն ժամանակին այրել հատուկ վառարաններում: Ինչ վերաբերում է օգոստոսի 28-ին բռնկված հրդեհին՝ «Ազատության» հարցին, կարո՞ղ էր հրդեհի պատճառը լինել անվտանգության կանոնների չպահպանումը, Կարեն Իսրայելյանը պատասխանեց․ - «Շատ հնարավոր է: Եթե աղաջուր լցված լիներ վրան, երբեք նման բան չէր լինի: Կարող եմ ասել, որ երևի աշխատողների քիչ քանակի պատճառով (իմ կարծիքն եմ ասում), այդ աշխատանքները չեն կատարվում: Որովհետև այսօր այդ գործարանում այսօր աշխատում են քիչ թվով մարդիկ, որի հետևանքով մարդիկ հնարավոր է չկարողանան իրականացնել այն աշխատանքները, որոնք պարտավոր են անել»:
Հիշեցնենք՝ երեկ կեսօրից հետո չգործող «Նաիրիտ» քիմիական գործարանի էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներում հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր էին մեկնել հրշեջներ և ԱԻՆ աշխատակիցներ: Գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Այսօր առավոտյան դրությամբ երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մեկ տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: