Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ:

«Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին: Այն ամուր հիմք է ծառայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացման համար, որն առանձնանում է բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող համագործակցությամբ», - իր ուղերձում նշել է Սերժ Սարգսյանը: - «Տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխշահավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, իրականացվում են հեռանկարային ներդրումային ծրագրեր, թափ են առնում միջտարածաշրջանային և հումանիտար կապերը», - հավելել է ՀՀ նախագահը:

Նշելով, որ Երևանն ու Մոսկվան «հուսալի դաշնակիցներ են» Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է․ - «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG