ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն պայմանավորվել են հզորացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Երկու ղեկավարներն այդ որոշումն են ընդունել, քանի որ Հյուսիսային Կորեան այսօր վաղ առավոտյան՝ առաջին անգամ 2009 թվականից ի վեր, արձակել է միջմայրացամաքային հրթիռ, որն անցել է Ճապոնիայի վրայով:
«Մեր երկրի վրայով հրթիռ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի լկտի գործողությունն իր էությամբ աննախադեպ, լուրջ և մահացու սպառնալիք է, որը մեծապես վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- հայտարաել է Ճապոնիայի վարչապետը:
Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է անհապաղ նիստ գումարել և քննարկել ստեղծված իրավիճակը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի պատասխան հրթիռային փորձարկումների վերջերս կոշտ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիային Կորեայի նկատմամբ:
Ճապոնիան հայտնել է, որ այսօր արձակված հրթիռն ընկել է ծովը՝ Հոկայդո կղզու մոտակայքում: Ենթադրվում է, որ նախքան ծովն ընկնելը հրթիռը բարձրացել է մինչև 550 կիլոմետր և անցել է մոտ 2700 կիլոմետր:
Մայիսին Հյուսիսային Կորեան փորձարկել է նմանօրինակ մի հրթիռ, որն ըստ մասնագետների, կարող է հասնել մինև ԱՄՆ տարածք:
Պենտագոնը հաղորդել է, որ այսօր փորձարկված հրթիռը Միացյալ Նահանգներին չի սպառնացել: Միաժամանակ ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբերի միացյալ կոմիտեն Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի հետ խորհրդակցելուց հետո հայտարարել է, որ՝ «այս իրավիճակում դաշնակիցները պետք է տան կոշտ պատասխան, որը կներառի նաև ռազմական միջոցներ»:
Reuters լրատվական գործակալությունը վկայակոչել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևին, ով ասել է, թե հյուսիսկորեական հրթիռային փորձարկումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած վերջին բանաձևն արդյունավետ չէ:
«Եվ այսպես, Փհենյանն ապացուցեց, որ Խաղաղ օվկիանոսում գնտվող ամերիկյան կղզուն՝ Գուամին, հարվածելու մասին սպառնալիքը բնավ բլեֆ չէր»,- սոցիալական ցանցում գրել է ռուսաստանցի սենատորը:
Նրա պնդմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը նպատակին չի հասնում, քանի որ հարցը վերածվել է երկու կողմերի՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առճակատման: