Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ խնդրի արդար կարգավորմանը», Պետդեպը հայտարարեց նոր միջնորդին նշանակելու մասին


Էնդրյու Շեֆեր, արխիվ
Էնդրյու Շեֆեր, արխիվ

ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնական հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի՝ Էնդրյու Շեֆերի նշանակման մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկացի նոր միջնորդը Եվրոպական երկրներում, նաև միջազգային կազմակերպություններում դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձառություն ունի․ մինչ համանախագահի պաշտոնը ստանձնելը եղել է Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը Վիեննայում՝ Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ առաքելությունում: Էնդրյու Շեֆերը որպես փոխդեսպան է աշխատել Կիպրոսում, ավելի վաղ դիվանագիտական բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի՝ Քուվեյթում, Բահրեյնում և Ռուսաստանում գործող դիվանագիտական առաքելություններում:

Շեֆերը պաշտոնավարել է նաև պետդեպի կենտրոնակայանում՝ աշխատել է Իրաքի բաժնում, զբաղեցրել է փոխպետքարտուղարի քաղաքական հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնը՝ առավելապես կենտրոնանալով մերձավորարևելյան երկրների և ահաբեկչության դեմ պայքարի վրա:

«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Մինսկի գործընթացին՝ հանձնառու մնալով ղարաբաղյան խնդրի տևական և խաղաղ հանգուցալուծում գտնելու խնդրում կողմերին օգնելու հարցում»,- հայտարարել է պետքարտուղարությունը, հավելելով․ «Ինչպես նշված է հունիսի 19-ի և հուլիսի 6-ի հայտարարություններում, ԱՄՆ-ն աջակցում է արդար կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի (ներառյալ՝ Հելսինկյան ակտը), մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Մինչ Էնդրյու Շեֆերի նշանակումը, Մինսկի խմբի եռանախագահությունում ԱՄՆ-ը ներկայացնում էր ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG