Մատչելիության հղումներ

Տեղանունների անվանափոխությունից առավել կարևոր է «արժեհամակարգի փոփոխությունը»


Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ու լեզվաբան Նարինե Դիլբարյանը լրագրողներ հետ հանդիպմանը:
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ու լեզվաբան Նարինե Դիլբարյանը լրագրողներ հետ հանդիպմանը:

«Ելք» դաշինքի նախաձեռնությունը՝ մինչև օրս բոլշևիկ-կոմունիստներից ոմանց անունները կրող փողոցների անվանափոխությունը ողջունում են ոչ միայն մտավորականների մեծ մասը, այլև մեր ամբողջ հանրության գերակշիռ հատվածը:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեցին ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատարոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու լեզվաբան, Երևանի պետական համալսարանի դոցենտ Նարինե Դիլբարյանը:

«Երբեք էլ ուշ չէ, և շատ ողջունելի է նման նախաձեռնությունը», - ասաց Նարինե Դիլբարյանը՝ շարունակելով․ - «Եվ ամեն անգամ էլ մենք գիտենք, որ ունենք ավգյան ախոռներ, այդ ախոռները մաքրելու համար ձեռնարկած ցանկացած փորձ միշտ էլ ճիշտ է: Մեր գիտակցության հոսքերը պիտի մաքրվեն»:

Նրա համոզմամբ՝ հանրությունը ոչ միայն պատրաստ է, այլև ակնկալում է այդ քայլը իշխանություններից: Այլ հարց է, թե ինչքանով են իշխանությունները պատրաստ դրան․ - «Ժամանակն է, որ քաղաքական իշխանությունը որոշի դա: Որովհետև լայն հանրությանը ամեն ինչ թողնել, դա էլ նշանակում է ձերբազատվել հոգսերից: Մենք ունենք ազգային տեղանուններ, և դրանք պետք է վերականգնվեն: Բերեմ միայն մի սովորական օրինակ․ երբ Թուրքիան գրավեց ամբողջ Բալկանները, Մեսոպատամիան, Անատոլիան, միայն Անատոլիան մնաց այդ անունով, դրեցին բյուզանդական կայսրի անունը: Իսկ մնացած բոլոր տեղանունները, որոնք հելլենիստական շրջանի և ընդհանրապես հնդեվրոպական մշակույթի արգասիքն էին, բնաջինջ եղան: Դրանց փոխարեն բերեցին թուրքական տեղանուններ: Իրենք հասկացան դա․ որ դու պետք է քո հետքը բերես․․․ Հիմա գոնե ունենք հնարավորությունը, չէ՞, ձերբազատվելու այնպիսի մարդկանց անուններից․․․ Այ, եթե փողոցում շրջենք, հարցնենք, օրինակ, թե ով է Ամիրյանը, կամ ով է Կասյանը, դժվար մարդիկ իմանան: Նրանց պատմական անցյալի վերաբերյալ տխուր փաստեր կան»:

Ռուբեն Բաբայանի կարծիքով, փողոցների և առհասարակ տեղանունների անվանափոխությունն անհրաժեշտ է, բայց շատ ավելի մեծ հիմնախնդիր է մարդկանց դավանած արժեհամակարգի փոփոխությունը: Նա ցավով ասաց, որ դեռ պահպանվում է խորհրդային տարիներից ժառանգած ողջ արժեհամակարգը, որի պատճառով էլ դեռ պահպանվել են բոլշիկների անուններով փողոցներն ու այլ տեղանունները․ - «Երբ որ մենք հասկանում ենք, որ հրաժարվում ենք որոշակի արժեքային համակարգից այն անցյալի, որը իր հետ բերել էր ահավոր դաժանություններ, սպանություններ, հանցագործություններ, հետո մենք սկսում ենք հրաժարվել և այդ ամեն ինչը կրող անուններից, որը շատ կարևոր է: Որովհետև եթե մենք չենք դատապարտում ինքը երևույթը, եթե մենք շարունակում ենք համարել, որ մենք այդ արժեքային համակարգի կրողն ենք, եթե մենք արդարացնում ենք Չարենցի սպանությունը նրանով, որ՝ բայց կառուցվել է «Նաիրիտ» գործարանը կամ ինչ-որ մի նման բան, մենք մշտապես կկանգնենք այս պրոբլեմի առաջ: Եթե մենք սա անում ենք, մենք սրանով արձանագրում ենք, որ այդ պատմությունը, այդ արժեքային համակարգը մենք մերժում ենք, մենք այլևս չենք վերադառնալու դրան: Հետո մենք սկսում ենք արդեն առանձին նայել, թե որ գործիչը այդ պետության այդ արժեքային համակարգում ինչ դերակատարում է ունեցել: Որովհետև, կներեք, սովետական տարիներին և՛ Շոստակովիչը և Խաչատրյանը, և՛ Միկոյանը և Կասյանը»:

Ռուբեն Բաբայանի կարծիքով, խիստ կարևոր է ոչ միայն խորհրդային տարիներին տեղի ունեցած սոսկալի հանցագործություններն ու դրանց հեղինակներին բաց ներկայացնելը, այլև երբեք «որևէ արդարացում չպիտի մոգոնել ողջ տոտալիտար համակարգի գործունեության համար»․ - «Մենք հաճախակի լսում ենք հետևյալ արդարացումը՝ ժամանակները այդպիսին են եղել: Բայց այդ ժամանակներում մարդիկ կարողացել են և կարգին մարդու կեցվածք ունենալ: Լավ ժամանակներ երբեք չեն լինում: Ամենակարևորը, թե դու քեզ ինչպես ես դրսևորում այդ ժամանակների մեջ: Էդ մենք սպասում ենք փափուկ, բամբակային ժամանակների՞: Մենք երբևիցե իրավունք ունե՞նք սեփական ստորությունը արդարացնել ժամանակներով: Դե եկեք արդարացնենք 15 թվականի եղեռնը․․․ էդ տեսակ ժամանակներ են եղել, ինչով էլ թուրքերը զբաղված են․ ասում են՝ պատերազմ է եղել և այլն, և այլն: Արդարացում միշտ կա: Առավել ևս, երբ որպես արդարացում մենք սկսում ենք գովաբանել հետևյալ թեզը՝ ուժն է ծնում իրավունք: Ես կարծում եմ՝ իրավունք է ծնում․․․ Որովհետև եթե ուժն է ծնում իրավունք, դու իսկապես արդարացնում ես թուրքին 15 թվականին։ Ուժեղ էր՝ արեց ինչ որ պիտի աներ․․․ Ո՞նց ես դու քեզ թույլ տալիս արդարացնել Բակունցի ու Չարենցի սպանությունը: Եթե դու ասում ես, որ ժամանակները այդպիսին էին եղել․․․ Ամեն մարդ ունի ընտրության իրավունք․․․ Երբ որ դու ընտրում ես ստորությունը, սկսում ես դա արդարացնել ժամանակներով»:

«Ազատության» հարցին, թե ինչու անկախության 25-26 տարիներին չբացահայտվեցին խորհրդային տարիներին տեղի ունեցած հանցագործություններն ու դրանց հեղինակները, Նարինե Դիլբարյանն արձագանքեց․ - «Որովհետև իշխանության մեջ մնացին նրանք, ովքեր խորհրդային համակարգի կրողներն էին, անունը փոխվեց, բայց իշխանության որակը չփոխվեց: Լյուստրացիան դաժան երևույթ է, բայց դա ճիշտ է, դրա միջով պիտի անցնես, պիտի դատապարտես, ու պիտի փոխվի»:

«Եթե մեր 25 տարվա պետությունը վերջ ի վերջո որոշի, թե ինքը ինչ քաղաքակրթական դաշտում է իրեն տեսնում, ինչ արժեքային համակարգում է իրեն տեսնում և ըստ դրա կառուցի այսօրվա պետությունը, ըստ դրա էլ կգան փողոցների, քաղաքների անվանումները», - հավելեց Ռուբեն Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG