Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց Արարատ Խանդոյանի բողոքի քննությունը


Արարատ Խանդոյանը առաջին ատյանի դատարանի դահլիճում: 27-ը հունիսի, 2017 թ․
Արարատ Խանդոյանը առաջին ատյանի դատարանի դահլիճում: 27-ը հունիսի, 2017 թ․

Նիստն անցավ լարված մթնոլորտում:

Արարատ Խանդոյանը հայտարարեց, որ ինքն անմեղ է: Ավելին՝ պնդեց, թե իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում, քանի որը անցած տարի Երևանում ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։

«Դատարանը մտածված գնում ա էն քայլին, որ կատարելու ա քրեաօլիգարխիկ իշխանությունների պահանջները», - հայտարարեց նա, ինչին դատավորը հակադարձեց, թե իրենք կատարում են միայն օրենքի պահանջը:

ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը վերաքննիչ ատյանից պահանջում է բեկանել առաջին ատյանի որոշումն ու արդարացնել իրեն:

Արարատ Խանդոյանը նաև մեղադրանքներ հնչեցրեց գործը քննող երեք դատավորներից երկուսի հասցեին։ Հայտարարեց՝ նրանք կանխակալ են և չեն կարող գործն անաչառ քննել։ Խանդոյանը հիշեցրեց, որ դատավոր Սերգեյ Չիչոյանը դեռ մեկ տարի առաջ իր կալանքի երկարաձգման հարցը քննելիս առանց իրեն ու իր պաշտպանի է նիստ արել։ Նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանն էլ, ինչպես հայտարարեց Խանդոյանը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս կրկին առանց իր ներկայության է որոշում կայացրել երկարաձգել խափանման միջոց կալանքը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն այս կապակցությամբ բացարկի միջնորդություն ներկայացրեց այս երկու դատավորներին։

Միջնորդությունը մերժվեց, մերժվեց նաեւ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի դեմ բերված բացարկի միջնորդությունը։

Ղարագյոզյանը պնդեց, որ դատախազը թերացել է գործի վերահսկողության հարցում, վկաների ցուցմունքների հակասություններն անտեսել է։ Դատախազ Հայկ Պետրոսյանը, մինչդեռ, անհիմն որակեց իր դեմ բերված բողոքը։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանում նաեւ հայտարարեց, որ Խանդոյանի կալանքի հարցով Եվրոպական դատարանն արդեն հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը և արդարադատություն միայն Հայաստանից դուրս են սպասում։

Դատական նիստն ընդմիջվեց Խանդոյանի ինքնազգացողության վատացման պատճառով։ Այն կշարունակվի սեպտեմբերի 19-ին։

Ըստ մեղադրանքի, 43-ամյա Արարատ Խանդոյանն անցած տարվա հուլիսի 20-ին մասնակցել է զինված խմբին աջակցելու համար Խորենացի փողոցում կազմակերպված բողոքի ակցիաներին և այդ ընթացքում բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը:

Խանդոյանի պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կես տարի տևած դատաքննության ընթացքում անցած տարվա հուլիսյան ցույցերից հետո տուժող ճանաչված 46 ոստիկաններից ոչ ոք դատարանում չի ասել, որ իրեն հարվածողը հենց Խանդոյանն է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG