Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։
Ըստ Ղարաբաղի արտգործնախարարության, Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Դաուր Կովեի այցը` որպես երկու գերատեսչությունների միջև ձևավորված սերտ գործնական ու մասնագիտական կապերի դրսևորում, նաև նոր լիցք կհաղորդի Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին։ Այս համատեքստում Ղարաբաղի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Լեռնային Ղարաբաղի կողմից իրականացվող ջանքերը` բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ։
Այնուհետև տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը։
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։
Ըստ հուշագրի, նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։
Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: