Մատչելիության հղումներ

«Թույլ տալ, որ խուզարկեն, դա կնշանակի մի շատ լուրջ իրավունք զիջել կարգադրիչներին». փաստաբան


«Թույլ տալ, որ իրեն խուզարկեն, դա նշանակում է մի շատ լուրջ իրավունք զիջել կարգադրիչներին», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով դատական նիստերի մեկնարկին փաստաբանների ու կարգադրիչների միջև պարբերաբար ծագող զննության/խուզարկության խնդրին։

«Սա շատ լուրջ իրավունքի խախտում է, սա ուղղակի պայուսակ բացել չէ։ Փաստաբանը, որը մուտք է գործում դատարան, նա իր հետ ունի բազմաթիվ առարկաներ, որոնք շատ դեպքերում նույնիսկ գաղտնի են շատ շատերից։ Այսինքն՝ դա միայն իր և իր վստահորդի կամ պաշտպանյալի հասուն է՝ նրանք կարող են տեսնել, թե ինչ է պայուսակում, նաև փաստաթղթերի մասին է խոսքը գնում։ Խուզարկել փաստաբաններին, դա ոտնահարում է ոչ միայն փաստաբանի որպես անձի իրավունքը՝ թույլ չտալով, որպեսի իր անձնական կյանքին միջամտություն լինի, այլև այստեղ նաև փաստաբանի փաստաբանական գաղտնիքն է, որ լուրջ ոտնահարվում է», - ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ մոտ 138 փաստաբաններով սեպտեմբերի 13-ին գործադուլ կանեն՝ պահանջելով դադրեցնել «ապօրինի զննություններն ու խուզարկությունները»։

Նշենք, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբանները պարբերաբար ահազանգում են, որ դատական կարգադրիչները փորձում են «ապօրինի կերպով իրենց խուզարկության ենթարկել»: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով փաստաբաններից Արայիկ Պապիկյանը, խուզարկությունից խուսափելու համար նույնիսկ դատարան էր գնացել առանց պայուսակի, սակայն այս դեպքում էլ, ըստ նրա, փորձել էին խուզարկել դրամապանակը, ինչն, ըստ փաստաբանի, պարզապես ստորացուցիչ է:

Աղմկահարույց գործերով պաշտպանություն իրականացնող փաստաբանները մտահոգություն ունեն, որ այս կերպ փորձ է արվում իրենց զրկել դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից, և այդ քաղաքական որոշումը իրականցվում է Դատական դեպարտամենտի միջոցով:

Նշենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը փաստաբանների՝ դատարանում խուզարկելու մասին հայտարարությունները որոշ փաստաբանների երևակայության արդյունք էր համարել՝ նշելով՝ այն, ինչ տեղի է ունենում «Սասնա ծռեր»-ի կամ Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ ընդամենը զննություն է, որի իրավունքը կարգադրիչներն ունեն, ըստ Դատական օրենսգրքի:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG