ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ուղիներ փնտրել Հյուսիսային Կորեայի շուրջ ծագած ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման համար, թեև անցած շաբաթ Հյուսիսային Կորեայի կողմից երեք բալիստիկ հրթիռների արձակումը «սադրիչ գործողություն էր»:
«Մենք դա դիտարկում ենք որպես սադրիչ գործողություն ուղղված Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների դեմ», - Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թիլերսոնը: - «Այդուհանդերձ, մենք շարունակելու ենք մեր ճնշումները խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ՝ աշխատելով մեր դաշնակիցների, ինչպես նաև Չինաստանի հետ, որպեսզի կարողանան Փհենյանին բերել բանակցությունների սեղանի մոտ»:
Օգոստոսի 26-ին Փհենյանը փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռներ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Այս հրթիռների արձակումները տեղի են ունենում Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների զինված ուժերի համատեղ զորավարժությունների ֆոնին, որոնք անցկացվում են Կորեական թերակղզում: Փհենյանն այդ զորավարժությունները համարում է Հյուսիսային Կորեայի վրա «հարձակման փորձ»: Ավելի վաղ Փհենյանի կողմից հրթիռների արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հարկադրել են ավելի խստացնել տնտեսական պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: