«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերը քննարկում են Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ օրերս հրապարակած փաստաթուղթը, որում, ըստ միջնորդի, ներկայացված են ԼՂ խնդրի կարգավորման հիմնական տարրերը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն արձանագրելով, որ ամերիկացի միջնորդի հրապարակած փաստաթղթում «չի ասվել բացառապես ոչ մի նոր բան», նշում է` որոշ ժամանակ առաջ նույն [Մադրիդյան] սկզբունքները հրապարակել էր նաև ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ես այստեղ կարևորում եմ ոչ թե այն, ինչ ասել է դեսպան Հոգլանդը, այլ այն, ինչը նա չի ասել: Ինձ թվում է, դա շատ ավելի բովանդակային է: Եթե վեցնում ենք զուտ հրապարակված փաստաթուղթը, կարող ենք ասել, որ սա մեծ աղմուկ էր ոչնչից, քանի որ հրապարակվածը հայտնի Մադրիդյան սկզբունքներն էին: Բայց 1-2 շաբաթ առաջ նույն դեսպան Հոգլանդը բավական կարևոր հայտարարություններ էր արել սեպտեմբերին ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, նաև նախապատրաստվող բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ:
Նրա շեշտադրումները շատ հստակ էին՝ բոլորի, այդ թվում կողմերի և միջնորդների ջանքերն ուղղված պետք է լինեն շփման գծում լարվածության մեղմացմանն ու զինադադարի կայունացմանը»,- հիշեցնում է Դավիթ Շահնազարյանը և հավելում՝ այն ժամանակ Հոգլանդը, փաստորեն, խոսում էր «կարծես թե արդեն մոռացված հարցի մասին», այն է՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների շրջանակում շփման գծի երկայնքով արձանագրող հատուկ սարքերի տեղադրումը:
«Մինչդեռ այս անգամ նա ոչինչ չի ասել, բացի հայտնի սկզբունքների հրապարակումը: Իմ եզրակացությունը հետևյալն է՝ սա ցայտուն կերպով վկայում է այն մասին, որ այսօր Վաշինգտոնը չունի հստակ ձևակերպված քաղաքականություն Հարավային Կովկասի հանդեպ: Սա վկայում է նաև այն մասին, որ այսօր ԱՄՆ-ը բացարձակապես պատրաստ չէ՝ ղարաբաղյան կարգավորման հարցում մեծացնել իր դերակատարությունը», - նշում է Դավիթ Շահնազարյանը:
ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կարծում, թե Հոգլանդի հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգների կողմից «ինչ-որ մեսիջ» ուղարկելու համար: - «Կարծում եմ՝ սա շատ պարզ բացատրություն ունի՝ դեսպան Հոգլանդը ցանկացել է արձանագրել իր պաշտոնավարման շրջանի ավարտն ու ինչ-որ մի բան է ասել շատ ընդհանուր գծերի մեջ: Իրականում միշտ է սա քննարկվել: Իսկապես նոր բան չկա իր ասածների մեջ, և կարծում եմ՝ իզուր տեղը չպետք է այնտեղ ինչ-որ բաներ տեսնել, որոնք չկան», - ընդգծում է Մանոյանը:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում