Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ քաղաքացիներին վիզաներ տրամադրել Թբիլիսիի և Երևանի դեսպանատներում


Մինչ անշեղորեն աճում է Վրաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը, «Ռոստուրիզմի» ղեկավարը ՌԴ քաղաքացիներին զգուշացնում է Վրաստան այցելելու վտանգների մասին:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարել է, թե պատրաստ են ԱՄՆ մուտքի վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, եթե վերջիններս դիմեն Վրաստանում ԱՄՆ դեսպանություն:

Ամերիկյան դեսպանատանը պարզաբանել են՝ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը սովորական աշխատանքային գործընթաց է: Ընդ որում՝ նշվում է, որ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիները մուտքի վիզան կարող են ստանալ ութ օրվա ընթացքում: Դիտորդները նկատում են, որ այս հնարավորությունը հետաքրքիր կարող է լինել ՌԴ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի բնակիչների համար:

Ի դեպ նշենք, որ այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտքի վիզա ստանալ աշխարհի այլ երկրների դեսպանատներում, այդ թվում՝ Երևանում:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն օգոստոսի 23-ից ժամանակավորապես դադարեցրել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ ի պատասխան ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշմանը: Թեև սեպտեմբերի 1-ից ռուսաստանցիները դարձյալ ամերիկյան վիզաներ ստանալու հնարավորություն կունենան, բայց միայն մայրաքաղաք Մոսկվայում: Մինչդեռ նախկինում ռուսաստանցիներին վիզաներ էին տրամադրում նաև ՌԴ մի քանի այլ քաղաքներում գործող ամերիկյան հյուպատոսությունները:

Անցած հուլիսին, հակադարձելով ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի հանդեպ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներին, Կրեմլը Վաշինգտոնից պահանջել էր 755-ով կրճատել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը։

Նկատենք նաև, որ չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, այդուհանդերձ, պաշտոնական Թբիլիսին, 2012 թվականից սկսած, Ռուսաստանի քաղաքացիների համար միակողմանիորեն չեղարկել է մուտքի վիզայի պահանջը, և արդեն 5 տարի է, ինչ ՌԴ քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել Վրաստան:

Ուշագրավ է, որ այս զարգացումների ֆոնին, «Ռոստուրիզմի» ղեկավար Օլեգ Սաֆոնովն օրերս ռուսատանցիենրին զգուշացրել է Վրաստան այցելելու վտանգների մասին: «Վրաստան այցելող ռուսաստանցիենրի թիվը զգալիորեն աճել է, սակայն այդ երկիր այցելելիս ռուսաստանցիները պետք է հիշեն, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Վրաստանում գործում են մի շարք օրենքներ, որոնք վտանգավոր են ռուսատանցիների համար»,- մասնավորապես, ասել է Սաֆոնովը՝ չհստակեցնելով, թե որ օրենքների մասին է խոսքը:

Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն, միայն հուլիսին Վրաստան է այցելել 982 հազար զբոսաշրջիկ: Այս թիվը 28 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը: Ուշագրավ է, որ այցելուների թվում առաջին տեղը զբաղեցնում են հենց ռուսաստանցիները, երկրորդ հորզիոնականում հայաստանցի զբոսաշրջիկներն են, երրոդում՝ ադրբեջանցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG