Մատչելիության հղումներ

Հայազգի գործարարն ու իր ղեկավարած ընկերությունը հայտնվել են ԱՄՆ պաժամիջոցների ցանկում


Մոսկվայում գրանցված Gefest-M ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Կիրակոսյանը հերքել է Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը, որի պատճառով Միացյալ Նահանգները անհատապես նրա և նրա գլխավորած ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել:

Նա ասել է, թե Հյուսիսային Կորեայի հետ շփումներ եղել են, բայց առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում գործարքներ չեն իրականացվել:

«Նրանք մետաղի մշակման սարքավորումներ էին առաջակում։ Հանդիպել ենք՝ և՛ մեզ մոտ, և՛ նրանց մոտ, սակայն հետո որևէ շփումներ չեն եղել վերջին առնվազն 5-6 տարիների ընթացքում», - ՏԱՍՍ-ին ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ քննարկել են նաև Հյուսիսային Կորեա հայկական գինի և ծխախոտ արտահանելու հնարավորությունները, սակայն այդ գործարքը ևս չի կայացել:

Ռուբեն Կիրակոսյանի Gefest-M ընկերությունը զբաղվում է մետաղների առևտրով:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում նշված է, որ Կիրակոսյանի ընկերությունը համագործակցել է կորեական Tangun կորպորացիայի (Korea Tangun Trading Corporation) հետ, որը Կորեայի պաշտպանության և հրթիռային ծրագրերի մշակումների հետ կապ ունի, այդ պատճառով էլ գտնվում ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ օգոստոսի 22-ին սահմանած նոր պատժամիջոցների ցանկում ներառված են տասը ընկերություններ և վեց անհատներ: Անհատներից 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ Ռուբեն Կիրակոսյանը, և մեկ ընկերություն՝ նրա Gefest-M ընկերությունը, մյուսները՝ Չինաստանում (5), Սինգապուրում (2) և Նամիբիայում (2) գրանցված ընկերություններ են:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ լրացուցիչ պատժամիջոցները սահմանվում են, քանի որ Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել զանգվածային ոչնչացման զենքի մշակումները, խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը և փորձում է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

«Նոր պատժամիջոցներում ներառված են մարդիկ, ովքեր օգնում են արդեն պատժամիջոցների տակ գտնվող անձանց՝ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերին աջակցելու համար, կամ էլ Հյուսիսային Կորեային էներգետիկ և ռազմավարական նյութեր են մատակարարում», - պարզաբանել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։

Մոսկվան կտրուկ արձագանքել է Ռուսաստանի 4 քաղաքացիներին և ոչ այնքան հայտնի ընկերությանը՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկելու որոշմանը:

Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման պատասխան կտա և արտգործնախարարությունն արդեն մշակում է պատասխան քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG