Մատչելիության հղումներ

Հոգլանդը հասկացնում է, որ խնդրի կարգավորումը չի կարող կիսատ-պռատ լինել. քաղաքագետ


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ օրերս հրապարակած փաստաթղթին՝ որում ներկայացված դրույթները, ըստ միջնորդի, անհրաժեշտ են «Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար», հայտարարեց՝ ամերիկյան կողմը հրաշալի հասկանում է, որ այս միջավայրում ղարաբաղյան խնդրի կարգավորման իրատեսությունը բավականին ցածր է։

«Այստեղ մի ուրիշ խնդիր կա. եթե մենք ուշադրություն դարձնենք Հոգլանդի հրապարակած փաստաթղթին, որը, կարելի է, ասել փաստացի այն տարբերակներից մեկն է, որ այս երկու տարիների ընթացքում քննարկվել է, և դա հասու է եղել նաև իրեն, ապա կնկատենք մեկ շեշտադրում՝ առաջին և վերջին կետերին է վերաբերում՝ Հոգլանդը, և սա առաջին անգամը չէ, նախկինում, եթե դա արել էր առանց փաստաթուղթ հրապարակելու, ապա դա անում է փաստաթուղթ հրապարակելով, Հոգլանդը հասկացնում է, որ խնդրի կարգավորումը չի կարող կիսատ-պռատ լինել։ Ռուսական պլանը ենթադրել է՝ կամ «Լավրովյան» կամ «Կազանյան», ինչպես ընդունված է անվանել, նախատեսել է խնդրի կիսատ լուծում, այն է՝ կարգավիճակի թողնելը ապագայի վրա՝ Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու շնորհիվ, և որ ամենաառանձնահատուկն է, ինչի մասին անգամ Սերժ սարգսյանը չթաքցրեց 2016 թվականին «Դոլչե Վելլեին» և «Բլումբերգին» տված հարցազրույցներում ռուսական խաղաղապահների տեղակայումը», - ասաց Սաֆարյանը։

Ըստ քաղաքագետի, Հոգլանդը հասկացնում է երկու բան, որ խնդրի կարգավորումը պետք է լինի համալիր և համապարփակ՝ ստատուսի որոշմամբ և վերջին կետով՝ հակամարտության գոտում չեն կարող տեղակայվել միայն ռուսական խաղաղապահ ուժեր։

«Այս առումով թերևս Հոգլանդը փորձում է ուղղակի կանխել Ռուսաստանի կողմից հերթական անգամ 2016 թվականի ապրիլից հետո հակամարտության կարգավորումը այլ դաշտ տեղափոխելը, որտեղ թվում է, թե կարգավորման էլեմենտները նման են «Մադրիդյան առաջարկներին», բայց իրականում դրանք Մադրիդյան սկզբունքները չեն», - ասաց քաղաքագետը։

Հարցին, թե կարե՞լ է ենթադրել այս հայտարարությունից, որ ինչ-որ գաղտնի միջավայրում Ռուսաստանն առաջ է տանում պլանը, ամեն դեպքում կար հերքում, որ նման պլան չկա, Սաֆարյանը պատասխանեց. - «Այո, գուցե եղել են։ Ռուսական կողմն ազնիվ չէ և, ներեցեք, այդ հայտարարությունները արժանահավատ չեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG