Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վստահեցնում է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ նախօրեին արած հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտգործնախարարն այսօր ընդգծել է, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: «Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք նույնը»,- ասել է Նալբանդյանը: Անդրադառնալով հրապարակված դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` արտգործնախարարը նշել է.
«Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով, Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»:
Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը պատասխանել է՝ ավարտվում է ամերիկացի համանախագահի մանդատի ժամկետը, և գնալուց առաջ նա «ուղղակի հարցազրույց է տվել ու նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է»:
Ռիչարդ Հոգլանդը, ով ավարտում է առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, այն զիջելով Էնդրյու Շեֆերին, նախօրեին «Ամերիկայի ձայնի» հայկական և ադրբեջանական ծառայությունների լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ, ինչպես ասված է փաստաթղթի գլխագրում` շարադրված են «Վեց տարրեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից), որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար»:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն՝ որոշելու վերջնական իրավական կարգավիճակը ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի: Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որը, առնվազն, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ է տրամադրում:
Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որևէ համաձայնություն հնարավոր չէ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը, և ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: Պետք է լինի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ:
Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների իրավունքները` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր: Համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ առաքելություն: Գոյություն չունի որևէ սցենար, որի դեպքում խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ մշակված խաղաղապահ առաքելության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը: Ժամանակն է, որպեսզի կողմերը պարտավորվեն խաղաղ բանակցություններ վարել` հիմնվելով մինչև այժմ կատարված աշխատանքի վրա»,- նշված է Հոգլանդի հրապարակած փաստաթղթում:
Հատկանշական է, որ ամերիկացի համանախագահը դա հրապարակեց հենց այն օրը, երբ Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկում էին ղարաբաղյան հարցը: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների երեկվա բանակցությունների ու մեկ ամիս առաջ Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ֆոնին, որի ժամանակ նույնպես քննարկվել էր ղարաբաղյան հարցը, ամերիկյան դիվանագիտությունը ձգտում է հրապարակայնացնել այն շրջանակը, որից դուրս ղարաբաղյան կարգավորումն անհնար է լինելու:
«Կարելի է կարծել, որ ամերիկացի համանախագահը փորձում է այդ հայտարարությամբ ցույց տալ, թե որն է խնդրի լուծման տրամաբանության՝ իրենց շրջանակը, որպեսզի դրանից դուրս որոշումներ չկայացվեն»,- նշեց քաղաքագետը: