Մատչելիության հղումներ

«Հայ-ռուսական հարաբերություններն աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսությամբ ամենաբարձր մակարդակով»․ Սերժ Սարգսյան


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները այսօր Սոչիում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են ռուս-հայկական հարաբերությունների օրակարգային հարցերի, քննարկել են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Իր խոսքում Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, փաստել է, որ այս տարին հոբելյանական է երկկողմ հարաբերությունների առումով՝ լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25, ինչպես նաև բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին երկկողմ պայմանագրի կնքման 20-րդ տարեդարձը։

«Այս ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես սուվերեն պետությունների հարաբերությունները ամրապնդվել են լրջագույն կերպով: Մենք ինտենսիվ քաղաքական երկխոսություն ենք վարում, երկկողմ համագործակցություն ունենք տնտեսական, անվտանգության և ռազմական ոլորտներում: Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Իր հերթին Սերժ Սարգսյանը, ողջունելով Պուտինին, նշել է, որ անցած տարիները երկկողմ հարաբերությունների ինտենսիվ զարգացման ժամանակաշրջան են եղել:

Հայաստանի նախագահը ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն աչքի են ընկնում մշտական, ինտենսիվ երկխոսությամբ ամենաբարձր մակարդակով, լայն արտաքին-քաղաքական կոորդինացիայով, կառուցողական համագործակցությամբ միջազգային և տարածաշրջանային հարթակներում, արդյունավետ համագործակցությամբ անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում:

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, նշելով, որ անցյալ տարի արձանագրվել է առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ, իսկ այս տարվա վեց ամիսների ընթացքում այդ աճը կազմել է շուրջ 24 տոկոս:

Հայաստանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Խոսրովի արգելոցում հրդեհի մարման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG