Փաստաբանները մի քանի անգամ փորձեցին միջնորդություններ ներկայացնել, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանն արգելեց: Նա նախ սանկցիա կիրառեց արգելքին չենթարկվող Լուսինե Սահակյանի նկատմամբ, իսկ հետո դահլիճում ներկա 9 փաստաբանները դուրս եկան դահլիճից:
Դահլիճը լքած բոլոր 9 փաստաբանների նկատմամբ դատավորը սանկցիա կիրառեց՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմելով Փաստաբանների պալատ: Այսօրվա ընթացքում սա փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ երկրորդ սանկցիան էր:
«Քանի որ դատավորը խախտում է Քրեական դատավարության օրենսգիրքը, ավելին՝ թույլ չի տալիս միջնորդություններ ներկայացնել, մենք ուղղակի անիմաստ ենք համարում այս դատական նիստին մասնակցելը և միջնորդություն ենք ներկայացրել, որ մինչև չափահովեն բոլոր պաշտպանների ներկայությունը, որպեսզի անձանց պաշտպանության իրավունքը չխախտվի, մենք այս դատական նիստերին չենք մասնակցելու», - դահլիճը լքելուց հետո ասաց Սահակյանը:
Բոյկոտի պատճառը նաև այն էր, որ դատական կարգադրիչներն արգելեցին փաստաբան Հայկ Ալումյանին մտնել դատարան: Փաստաբանն ասաց՝ ներկայացրեք արգելված իրերի ցանկը, և նշեց, որ, այո, ինքն ունի կտրող-ծակող գործիք՝ ցույց տալով գրիչը: Կարգադրիչն առաջարկեց «կտրող-ծակող գործիքը» դնել պահարանում: Ալումյանն արձագանքեց․ - «Եթե ես հիմա գրիչը դնեմ, հետո կարող ա պարզվի, որ ուրիշ առարկաներ արգելված են: Էսօր ինձ կարգադրիչը ասեց, որ ինքը կարող է արգելել անգամ ջրով լի շիշը ներս մտցնել, որովհետև հանկարծ կարող է էդ շշով մեկին հարվածեմ: Նույն հաջողությամբ, պարզ է, որ կոշիկով էլ կարելի է մեկնումեկին հարվածել: Հաջորդ դատական նիստին կարող եք կոշիկները արգելել»:
Նիստի ընթացքում Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավորին հիշեցրեց, որ երեք միջնորդություն են ներկայացրել դատարան այն մասին, որ Եղնուկյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստին։ Ի դեպ՝ նիստերից մեկում դատավորը, ի թիվս այլոց, 10 ժամով սանկցիա էր կիրառել և դահլիճից հեռացրել էր Եղնուկյանին՝ դահլիճ շշով ջուր տանելու համար։ Տիգրան Հայրապետյանը պահանջեց դատավորի ինքաբացարկը: Նրա պահանջին միացան ներկա պաշտպանական կողմի մյուս փաստաբանները:
«Դատավորը անկախ և անաչառ չէ, հատուկ վերաբերմունք ունի Եղնուկյանի նկատմամբ, հետևաբար նա պետք է ինքնաբացարկ հայտնի», - ասաց Հայրապետյանը:
Դատավորը վերադարձավ խորհրդակցական սենյակից՝ մերժելով ինքնաբացարկի միջնորդությունը:
Տիգրան Հայրապետյանը նաև ասաց, որ իր վստահորդ Եղնուկյանն իրեն չի լիազորել ներկա լինել այսօրվա նիստին: Երբ Հայրապետյանը հայտարարեց, որ ցանկանում է լքել դահլիճը, դատավորը կարգադրեց դահլիճ հրավիրել ամբաստանյալներին, այդ թվում՝ Եղնուկյանին:
Ներկա մյուս մեղադրյալներին դատավորը հերթով հարցրեց, թե արդյոք համաձայն եք, որ իրենց շահերը պաշտպանեն իրենց ընտրած փաստաբանները: Պավել Մանուկյանն ասաց․ - «Երբ կլրանա իմ սանկցիան, կպատասխանեմ այդ հարցին»: Մանուկյանը, սակայն, չհրաժարվեց իր պաշտպաններից: Մյուսները նույնպես չհրաժարվեցին:
Մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Մուշեղ Շուշանյանը ներկա չէին: Իսկ հանրային պաշտպանը նախորդ նիստին հրաժարվել էր ստանձնել Կյուրեղյանի շահերի պաշտպանությունը: Այսօր հրաժարվեց այդ պարտականությունից նաև հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը՝ պնդելով, որ դատարանը խախտում է իր վստահորդի իրավունքը: