Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» անդամներից 14-ի գործով փաստաբանները բոյկոտեցին նիստն ու հեռացան դահլիճից


«Սասնա ծռերի» անդամներից 14-ի գործով այսօրվա դատական նիստին փաստաբանները բոյկոտեցին նիստն ու հեռացան դահլիճից։

Նշենք, որ նիստի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանը ցանկացավ բոլոր փաստաբանների անունից միջնորդություն ներկայացնել դատավորին, դատավորն արգելեց։

«Դուք Քրեական դատավարության օրենսգիրքը ծալել, դրել եք մի կողմ։ Դուք իրավունք չունեք մեզ ցանկացած պահի արգելել կամ թույլատրել միջնորդություն ներկայացնել», - հայտարարեց Սահակյանը։

Դատավորն ասաց, որ սանկցիա է կիրառում փաստաբանի նկատմամբ ու հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադարձին հայտարարեց՝ սանկցիա է կիրառել Սահակյանի նկատմամբ ու դիմել Փաստաբանների պալատ։

Սահակյանը միջնորդությունը գրավոր ներկայացրեց դատավորին ու հայտարարեց, որ բոլոր փաստաբաններով որոշել ու լքում են դահլիճը։

Փաստաբանների բոյկոտին միացան նաև ամբաստանյալների հարազատներն ու ընկերները և լքեցին նիստերի դահլիճը։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG