Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» 14 անդամների գործով փաստաբանները դատավորի ինքնաբացարկը պահանջեցին. նիստն ընդմիջվեց


Այսօր շարունակվում է «Սասնա ծռերից» 14 անդամների գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին փաստաբան Հայկ Ալումյանը չէր կարողանում մտնել նիստերի դահլիճ։

Կարգադրիչները զննության, կամ ինչպես փաստաբանն է որակում, խուզարկության ժամանակ հարցրեցին, թե կտրող-ծակող գործի ունի՞, փաստաբանն էլ պատասխանեց՝ այո, պահաջելով կարգադրիչներից օրենքով սահմանված ցանկ ներկայացնել, որտեղ նշված կլինի, թե որ իրերով է արգելված մտնել նիստերի դահլիճ։

«Ես պատրաստվում եմ մտնել, բայց չեն թողնում։ Իմ «կտրող-ծակող գործիքը» գրիչն է։ եթե ես հիմա գրիչը դնեմ, կարող է պարզվի, որ ուրիշ առարկաներ էլ են արգելված։ Այսօր ինձ կարգադրիչն ասաց, որ անգամ կարող է արգելել ջրով լի շիշը, որովհետև հանկարծ կարող է այդ շշով մեկին հարվածել։ Նույն հաջողությամբ պարզ է, որ կարող է կոշիկով էլ հարվածել, հաջորդ դատական նիստին կարող է կոշիկները արգելեն։ Իսկ սա նրանից է, որ չկա բոլորի համար մի որոշում, որի մեջ այդ բոլոր իրերը նշված լինեն, որոնք չի կարելի ներս մտցնել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը։

Կարգադրիչները զեկուցագիր գրեցին ու ներկայացրեցին դատավորին։

Նիստին գործով մյուս փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Նիստը մեկ ժամով ընդմիջվեց։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG