Հակառակ իր նախընտրական խոստումներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ ամերիկյան զինստորաբաժանումները դուրս չի բերելու Աֆղանստանից և մտադիր է շարունակել երկրի պատմության մեջ ամենաերկար՝ արդեն 17 տարի շարունակվող պատերազմը մինչև դրա հաղթական ավարտը:
Ամերիկացիներին ուղղված՝ շուրջ կես ժամ տևողությամբ իր ուղերձում Թրամփը խոստովանեց՝ Օվալաձև աշխատասենյակ գալով, փոխել է դիրքորոշումն ու ընդունել, որ Աֆղանստանից զինուժի արագ դուրսբերումը նպաստավոր պայմաններ է ստեղծելու ահաբեկիչների համար: «Մենք չենք կարող կրկնել իրաքյան սխալները»,- հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:
«Հապճեպ դուրս գալը կստեղծի վակուում ահաբեկիչների, այդ թվում «Իսլամական պետության» ու «Ալ Քաեդայի» համար, որոք անմիջապես կլցնեն այդ դատարկ տարածքը, ինչպես եղավ սեպտեմբեր 11-ից առաջ: Եվ, ինչպես գիտենք, 2011-ին Ամերիկան հապշտապ ու սխալ որոշում կայացրեց՝ Իրաքից զինուժը դուրս բերելու վերաբերյալ: Արդյունքում՝ կորցրինք ծանր գնով նվաճած մեր դիրքերը՝ դրանք հանձնելով թշնամի ահաբեկիչներին»,- ասաց ԱՄՆ առաջնորդը:
Ներկայացնելով Աֆղանստանի վերաբերյալ Վաշինգտոնի նոր ռազմավարությունը, Դոնալդ Թրամփը պնդեց՝ իր վարչակազմի գերխնդիրն է լինելու պայքարն ահաբեկչության դեմ, ոչ թե ժողովդրավարական ինստիտուտների կայացումն այդ երկրում: «Եվ մենք հասնելու ենք հաղթանակի ռազմական, տնտեսական ու դիվանագիտական միջոցներով»,- վստահեցրեց Միացյալ Նահանգների նախագահը՝ շարունակելով․
«Ես կիսում եմ ամերիկացիների դժգոհությունը, նրանց նման ես էլ հիասթափված եմ այն արտաքին քաղաքականությունից, որը մեր անվտանգության շահերն ամեն ինչից վեր դասելու փոխարեն չափից ավելի ժամանակ, էներգիա, փող և որ առավել կարևոր է՝ մարդկային կյանքեր էր ծախսում՝ փորձելով վերափոխել երկրներ՝ մեր պատկերացումներին համապատասխան»:
Խոստանալով հասնել հաղթական ավարտին, Դոնալդ Թրամփը, միաժամանակ, խուսափեց հստակեցնել՝ քան՞ի ամերկացի զինվոր է գործուղելու Աֆղանստան, և որքա՞ն են նրանք մնալու այդ երկրում: «ԱՄՆ-ի մարտավարությունն այսուհետ կախված է լինելու արդյունքներից ու ձեռքբերումներից»,- պարզաբանեց Սպիտակ տան ղեկավարը, մանրամասնելով՝ ամերիկյան հրամանատարներն իրավասու են ահաբեկչական խմբավորումներին վերաբերող կարևորագույն որոշումներ կայացնել անձամբ, առանց Վաշինգտոնի թույլտվությունը ստանալու, ինչը պարտադիր պայման էր Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ:
«Ես բազմիցս եմ ասել, թե որքան անարդյունավետ է Միացյալ Նահանգների համար նախապես հայտարարելը, թե երբ ենք մտադիր մեր ռազմական գործողություններն ավարտին հասցնել: Այդ իսկ պատճառով հիմա չենք խոսի զորքերի թվի կամ մեր հետագա ծրագրերի մասին: Այսուհետ տեղում ստեղծված իրադրությունը, ոչ թե հենց այնպես ընտրված ժամկետներն են որոշելու մեր ռազմավարությունը: Ամերիկայի թշնամիները երբեք չպետք է իմանան մեր ծրագրերի մասին, ես չեմ ասելու՝ երբ ենք մենք հարձակվելու, մենք գործով ենք դա ցույց տալու»,- հայտարարեց Դոնալդ Թրամփը:
Ընդ որում, նա նաև ընդգծեց, որ ահաբեկիչների դեմ պայքարում իրենց դերն ունեն նաև տարածաշրջանի մյուս երկրները: ԱՄՆ նախագահը Հնդկաստանին հորդորեց տնտեսապես աջացել Աֆղանստանին, Պակիստանին էլ խստիվ հանդիմանեց՝ թալիբներին սատարելու համար: «Ժամանակն է, որ Պակիստանն ի ցույց դնի իր հավատարմությունը քաղաքակրթությանը, կարգուկանոնին ու խաղաղությանը»,- հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը, զգուշացնելով՝ հակառակ դեպքում Իսլամաբադը կարող է շատ բան կորցնել:
«Մինչ մենք Պակիստանին միլիարդավոր-միլիադավոր դոլարներ ենք վճարում, նրանք ապաստան են տալիս այն նույն ահաբեկիչներին, որոնց դեմ մենք պայքարում ենք: Դա պետք է փոխվի, փոխվի անմիջապես: Որևէ համագործակցություն չի կարող լինել մի երկրի հետ, որն օթևան է տալիս այն զինյալներին ու ահաբեկիչներին, որոնց թիրախում ամերիկացի զինծառայողներն ու պաշտոնյաներն են»,- հայտարարեց Թրամփը:
ԱՄՆ քաղաքացիներին ուղղված նախագահական ելույթում կային նաև ուղերձներ՝ հասցեագրված Վաշինգտոնի դաշնակիցներին: Դոնալդ Թրամփը, մասնավորապես, ակնարկեց՝ ակնկալում է, որ նրանք ոչ միայն կաջակցեն աֆղանական պատերազմի վերաբերյալ իր այս նոր ռազմավարությանը, այլև ավելի շատ գումար կհատկացնեն ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես վարվում է ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն իսկ ողջունել է Թրամփի՝ Աֆղանստանի ու տարածաշրջանի վերաբերյալ նոր դիրքորոշումը: «Հյուսիսատլանտյան դաշինքն ու դաշնակից երկրները պատրաստ են ավելացնել ներկայությունն Աֆղանստանում»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: