Մատչելիության հղումներ

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ». Արծվիկ Մինասյան


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այդ մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբույան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց նախարարը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հետևյալ հարցին՝ «հրդեհներն ապացուցեցին, որ վատ եք պահպանում բնությունը, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ»։

«Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է և բնականաբար որևէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության և հանրապետության նախագահի որոշումների հիման վրա և բնականաբար որևէ գործողություն պետք է դիտարկվի նաև այդ համատեքստում», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ երկու պատճառով. առաջին, որ չկա որևէ գործողություն կամ անգործություն, որը պատճառ կդառնա դրան, երկրորդ՝ ես տեսնում եմ վճռականություն, որ ոլորտում այնքան շատ բարեփոխումներ մենք պետք է իրականացնենք, որ հետագայում նվազագույնի հասցնենք կամ բացառենք նման աղետների վրա գալը»։

Մեկ այլ հարցի, թե չի՞ կարծում, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենը պետք է հրաժարական տա, Մինասյանը պատասխանեց. - «Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի կազմակերպական կառուցվածքին և պաշտոնյաների նկատմամբ կիրառվող միջոցներին, առաջիկայում մենք նախատեսում ենք քննարկումներ և, բնականաբար, կլինեն համապատասխան գործողություններ։ Ես կարող եմ ասել, որ թե՛ տնօրենը, թե՛ մի շարք աշխատակիցներ, իհարկե ոչ բոլորը, նվիրվածությամբ մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին՝ կազմակերպական իրենց աշխատանքներով, բայց կոնկրետ նրանց վարքագիծը և նրանց լիազորությունների սահմանները պետք է ուսումնասիրվեն, նոր կոնկրետ գործողություններ իրականացվեն»։

Հիշեցնենք՝ Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել էր օգոստոսի 17-ին։ Այժմ արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: Մասնագետների գնահատմամբ, Խոսրովի արգելոցում կորուստները մեծ են։

Նախարարի խոսքով, նախնական տվյալներով շուրջ 1500 հեկտար տարածք է վնասվել, որից «ցավալի և անվերադարձ» կորուստը գիհու նոսրանտառային հատվածն է:

«Այնպես չէ, որ ամբողջ տարածքը 100 տոկոսով այրվել է: Մենք ունենք տարածքներ, երբ առանձին, փունջ-փունջ նաև կանաչ տեղեր կան, իսկ դա նաև նշանակում է, որ մենք այստեղ ունենք հնարավորություն, որ կենդանական աշխարհը կարող է պատսպարվել», - նշեց նախարարը: - «Ինչ վերաբերում է լայնատերև կանաչապատ տարածքներին, ինչպիսին կաղնուտներն են, սրանց մի մասում հրդեհը անցել է տակով՝ չվնասելով սաղարթը, և այստեղ մենք կունենանք անպայման վերականգնում, արդեն գարնանը կնկատվի»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կենդանական աշխարհից հիմնականում կորուստ կա սողունների և կրծողների առանձին տեսակների համար, խոշոր կաթնասունների մասով չի արձանագրվել որևէ կորուստ կամ վնասվածք:

Նախարարի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG