Չնայած գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ պաշտոնապես ներկայացվող բարձր աճին, պարզվում է, որ նույն այդ պաշտոնական տվյալներով, նախորդ ընդամենը չորս տարիների ընթացքում գյուղոլորտում զբաղվածների թիվը էապես կրճատվել է:
Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած թվերի համաձայն, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը 2012-2016 թվականների ընթացքում նվազել է մոտ 100 հազարով: Եթե 2012-ին Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում էր 437.2 հազար մարդ, ապա 2016-ին՝ 338.1 հազար: Անկումը կազմել է 22.7 տոկոս:
Այս թվերը հատկապես ուշադրություն են գրավում նույն այդ ժամակահատվածում հայաստանյան գյուղատնտեսությունում պաշտոնապես գրանցված բարձր աճի ֆոնին: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, եթե 2012-2016 թվականների ընթացքում երկրի ողջ տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 3.5 տոկոս, ապա այդ նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության միջին տարեկան աճը նկատելիորեն բարձր է եղել՝ 6.3 տոկոս:
Փաստորեն տարեկան նման աճ ցուցաբերած ոլորտը ընդամենը չորս տարում կորցրել է ներգրավված մարդկանց գրեթե մեկ քառորդին:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը օրերս «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ներկայացնելով ոլորտում իրականացվող կառավարության ծրագրերը՝ միաժամանակ խոստովանեց․ ֊ «Իրական իրավիճակը էսօր գյուղացու շատ դժվար է․ ինքը մենակով հայտնվել ա մի դաշտում, որտեղ ինքն ա որոշում ինչ ցանի, հետո ինքն է որոշում ինչ գներով վաճառի, հետո ինքն է որոշում ում է վաճառելու: Եվ ինքը հետո պետք ա գնա էդ գումարի հետևից, որ մթերողից ստանա էդ գումարը»:
Պտղի, հատապտղի բերքի ծավալն ու բերքատվությունը զգալիորեն կրճատվել են
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012-2016 թվականներին նկատելիորեն կրճատվել է նաև հայաստանյան գյուղատնտեսության համար կարևոր համարվող պտղի, հատապտղի բերքի ծավալը: 2012-ին պտղի ու հատապտղի բերքը կազմել է 331.7 հազար տոննա, 2016-ին՝ 242.6 հազար տոննա կամ 26.9 տոկոսով պապաս: Առանձին ներկայացված են խաղողի տվյալները՝ 2012-ին խաղողի բերքը կազմել է 241.4 հազար տոննա, 2016-ին 178.8 հազար տոննա կամ 26 տոկոսով պակաս:
Նախորդ տարիներին կրճատվել է ոչ միայն պտղի, հատապտղի բերքի ծավալը, այլև բերքատվությունը: Օրինակ, 2012 թվականին մեկ հեկտարից ստացվել է 97 ցենտներ պտուղ ու հատապտուղ, 2016-ն՝ 66.1: Նույնը խաղողի դեպքում է․ 2012-ին մեկ հեկտարից ստացվել է 151.3 ցենտներ բերք, 2016-ին՝ 110 ցենտներ: Առաջինի դեպքում անկումը կազմել է 31.9 տոկոս, երկրորդի դեպքում՝ 27.3 տոկոս:
«Ազատության» վերոհիշյալ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ գյուղացիներից մեկը հարց ուղղեց գյուղնախարարին․ - «Գյուղերը քանդվում են էսպես շարունակելով: Գյուղնախարար, ի՞նչ կընեք, որպեսզի գյուղերը կառուցվեն, ոչ թե քանդվեն: Մարդիկ չեն մնացել արդեն գյուղերը, լրիվ քոչում ու էրթում են: Ամեն ինչը թանկ է, ջուրը թանկ է, ախպեր ջան, ամեն ինչը՝ պարարտանյութ, սալյարկա: Գյուղերում էլ մարդ չի մնացել, արդեն լրիվ ցվրվել են: Ես իմ տղուս տուն եմ առե գյուղի մեջը, բայց էսօր փակե, գնացել է Ռուսաստան: Ի՞նչ է նշանակում դա: Մենք ուզում ենք գյուղ կառուցենք, Հայաստան կառուցենք, բայց քանդում ենք լրիվ գյուղերով: Քաղաքով չի քանդվի Հայաստանը, քանդվի գը գյուղերով»:
Նախարարն արձագանքել էր․ - «Ես համաձայն եմ, որ գյուղն ա քաղաքը պահում, և մենք ամեն ինչ անելու, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա և գյուղացին ավելի լավ ապրի և գյուղը զարգանա, բայց միաժամանակ, եթե լսում ես գյուղացուն՝ պարարտանյութը թանկ է, դիզվառելիքը թանկ է, տուն եմ առել իմ տղայիս համար, տղաս գնում է․․․ երբ որ էդ ցանկը նայում ես, նենց չի, որ վատ է: Այսինքն չի կարա գյուղացին տուն առնի, երբ որ պարարտանյութը թանկ է, դիզվառելիքը թանկ է կամ ջուրը թանկ է»:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, չնայած գյուղոլորտի զարգացման վերաբերյալ կառավարության ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ արվող հայտարարություններին, գյուղատնտեսությունը շարունակում է գտնվել անմխիթար վիճակում, իսկ ոլորտում ներգրավված մարդկանց թիվը իրականում ավելի քիչ է․ - «Դա [ոլորտում զվաղվածների թվի կրճատումը 100 հազարով] պաշտոնական չի, ինչ-որ մեկը նկարել է էդ թվերը: Ոնց որ բերքն են նկարում, էնպես էլ փորձում են ինչ-որ նկարչությամբ զբաղվել»:
Բերբերյանի խոսքով՝ ոլորտում զբաղվածների թիվն այսօր «լավագույն դեպքում 150 հազար է»: