Վերջին կես տարվա ընթացքում երկու անգամ Հյուսիսային Կորեայից դեպի Սիրիա գաղտնի բեռների տեղափոխում է կանխվել։ Բեռները նախատեսված էին Սիրիայի գիտական հետազոտությունների կենտրոնի համար, որը պատասխանատու է Դամասկոսի քիմիական ծրագրերի համար։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցը։
Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խախտման դեպքերի հարցով զեկույցը Անվտանգության խորհրդին է ներկայացվել օգոստոսի սկզբին։ Փաստաթղթում, ինչպես հաղորդվում է, չի նշվում, թե երբ են կանխել բեռների տեղափոխումը և ինչ նյութերի մասին է խոսքը։
Բեռները, ենթադրվում է, Սիրիա են ուղարկվել հյուսիսկորեական KOMID ընկերության հետ պայմանագրի շրջանակներում։ Ընկերությունը ՄԱԿ-ի «սև ցուցակում» է 2009 թվականից։
KOMID-ը համարվում է բալիստիկ հրթիռների արտադրության համար սարքավորումների հիմնական արտահանողը։
Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավելի քան տասը տարի է գործում են միջազգային պատժամիջոցներ, որոնք սահմանվել են այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 5-ին միաձայն որոշում է կայացրել՝ խստացնել Փհենյանի նկատմամբ սահմանափակումները՝ ի պատասխան հրթիռային փորձարկումների։
Սիրիան 2013 թվականին համաձայնել է ոչնչացնել քիմիական զենքի իր պահուստները։ 2017 թվականի ապրիլի 4-ին սիրիական ընդդիմությունը հաղորդել է առնվազն 80 մարդու գազային թունավորումների մասին։ ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ սիրիական կառավարությանը մեղադրեցին քիմիական գրոհի մեջ։
Դամասկոսն ու իր դաշնակից Ռուսաստանը հերքում են մեղադրանքները։ ԱՄՆ-ը՝ ի պատասխան Իդլիբում քիմիական հարձակման, օդային հարվածներ է հասցրել սիրիական կառավարության ռազմաբազաների ուղղությամբ։