Մատչելիության հղումներ

«Հաստատակամ գնում ենք ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման». վարչապետ


«Մենք հաստատակամ գնում ենք Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման», - Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացման արարողությունից հետո երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2013 թվականի սեպտեմբերի սցենարը կրկնվի և Հայաստանը Եվրամիության հետ չստորագրի նոր համաձայնագիրը, վարչապետը պատասխանեց. - «Մենք գնում ենք ստորագրման։ Հնարավո՞ր է, որ զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի, այս պահին չեմ տեսնում, բայց դա մի պրոցես է, որը բանակցություններ են, այդ իսկ պատճառով հաստատակամ գնո՞ւմ ենք, թե՞՝ չէ, շատ հաստատակամ գնում ենք»։

Հիշեցնենք՝ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում:

Անդրադառնալով Մեղրիում հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին վարչապետն ասաց. - «ԵՍ կարծում եմ, որ նոյեմբերի վերջ մենք կունենանք որոշակի հարթակ, որովհետև այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել, այդ թվում՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող բանակցություններ, բայց միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք, ձևավորելու ենք, և մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ հստակ խոսելու ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG