Մատչելիության հղումներ

Դատավորը սանկցիաներ կիրառեց ամբաստանյալ Մովսիսյանի ու նրա փաստաբանի նկատմամբ


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանի դատական նիստն այսօր հետաձգվեց․ Մովսիսյանն ու նրա պաշտպանը լքեցին նիստերի դահլիճը:

Երբ մեղադրող դատախազը գործով անցնող վկաներից Հովհաննես Պետրոսյանին հարցրեց՝ դուք ճանաչու՞մ եք Ժիրայր Սեֆիլյանին, ամբաստանյալ Արթուր Մովսիսյանը տեղից բուռն արձագանքեց՝ պնդելով, թե մի ժամ է լսում է վկաների հարցաքննությունը, որոնցում իր մասին ոչինչ չկա: Հարցրեց՝ սա ի՞մ դատն է, թե՞ Սեֆիլյանի․ - «Ժիրայր Սեֆիլյանին բերեք ստեղ ու Ժիրայր Սեֆիլյանին հարցեր տվեք, թող Ժիրայր Սեֆիլյանն էլ պատասխանի»:

Սրանից հետ դատավորը Մովսիսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ երեք ժամով հեռացնելով դատարանի դահլիճից:

Ըստ մեղադրական եզրակացության, ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով, Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: Ինքը՝ Մովսիսյանը, պնդում է, որ Սեֆիլյանին չի ճանաչում, ավելին՝ այդ օրերին ինքը Ռուսաստանի Դաշնությունում է եղել, որտեղ էլ կալանավորվել ու միայն 6 ամիս հետո է տեղափոխվել Երևան։

Գործով անցնող վկա Աշոտ Գուգուշյանը թեև այսօր դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմունք տալ, այդուհանդերձ երբ պատասխանում էր պաշտպանական կողմի հարցերին, դատավորը նրան կրկին հիշեցրեց, որ իրավունք ունի չպատասխանելու: Այստեղ տեղից խոսեց նաև մեղադրյալ Արթուր Մովսիսյանը՝ ասելով․ - «Գուգուշյանն ինձ հետ ի՞նչ կապ ունի»:

Հետո դահլիճ բերվեց գործով անցնող մյուս մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը, ով, ըստ Սեֆիլյանի պաշտպանների, նրա դեմ ցուցումնք է տվել: Նրա փաստաբանը դատարանի միջնորդեց, որ իր վստահորդի ցուցմունքը չտեսագրվի: Դատարանը բավարարեց մեղադրող դատախազի և փաստաբանի միջնորդությունը՝ արգելելով լրատվամիջոցներին տեսագրել Աշոտ Գուգուշյանի ու Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը:

Երբ Արթուր Մովսիսյանը տեղից մի քանի անգամ առանց ոտքի կանգնելու խոսեց՝ մեղադրող դատախազը դատարանից պահանջեց սանկցիա կիրառել նրա նկատամամբ: Արթուր Մովսիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը արձագանեք․ - «Հարգելի մեղադրող, դատավճիռը տվեք, թող դատավորը դատավճիռ կայացնի: Բոլորս կվերջացնենք, Դուք էլ կվերջացնեք: Առարկում եմ, հարգելի դատարան»:

Արթուր Մովսիսյանը դատարանի դահլիճը լքելիս իր փաստաբան Արայիկ Պապիկյաին ասաց՝ առանց ինձ ներկա չլինես: Դատավորը զգուշացրեց Պապիկյանին, որ դահլիճից դուրս չկա: Ի պատասխան Պապիկյանն ասաց․ - «Հարգում եմ օրենքը, բայց առանց վստահորդիս այստեղ անելիք չունեմ»:

Պապիկյանը լքեց դահլիճը: Մեղադրող դատախազը միջնորդեց սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ:

Դատարանից դուրս Պապիկյանը պարզաբանեց, թե ինչու իր վստահորդը վրդովվեց․ - «Ենթակա անձինք գալիս են ու դատարանում հայտարարում, որ չեն ճանաչում Արթուր Մովսիսյանին, առնչություն չեն ունեցել, տեղեկություն չունեն, թե ինչի մասին է խոսքը, բայց նրանք դատակոչված են: Արդեն երրորդ վկային ենք մենք սկսում լսել և մեղադրողը, դատարանը չի տվել մեկ հարց վկաներից որևէ մեկին, որը կվերաբերեր Արթուր Մովսիսյանին: Իսկ սույն դեպքում զավեշտ էր: Ցավալի եմ ասում, որովհետև մարդու ճակատագրի հետ է կապված: Հենց առաջին հարցը՝ վկան ի՞նչ առնչություն ունի Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ի՞նչ կապ ուներ դա Արթուր Մովսիսյանի դատավարությանը: Այսինքն Արթուր Մովսիսյանը ամիսներ, գուցեև տարիներ շարունակ մնալու է անազատության մեջ, մինչև սույն գործով անցնող վկաները իրենց կապը Ժիրայր Սեֆիլյանի հե՞տ հայտնեն․․․ Դրա համար կա դատ: Եթե հարգելի մեղադրողն ուզում էր այդ փաստերը բացահայտեր, ապա պետք չէր աճպարարությամբ զբաղվել և Արթուր Մովսիսյանի գործը այն գործից առանձնացնել և բերել Չարենցավանի դատարանում քննության առարկա դարձնել»:

Պապիկյանի խոսքով՝ Արթուր Մովսիսյանը պատանդ է մեղադրող կոզմի ու դատարանի համար: Նրա խոսքով՝ պարզապես հրահանգ է կատարվում:

Դատարանը, ի դեպ, բավարարեց փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու՝ մեղադրող դատախազի միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG