Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Քանի դեռ պաշտոնյաների զավակները չեն ծառայում, անընդհատ ունենալու ենք զոհեր


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատւթյան» հետ զրույցում խոսելով բանակում ողբերգական պարբերականությամբ տեղի ունեցող ինքնասպանությունների մասին` պնդեց, թե իշխանությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերում այդ հարցում:

«Ճիշտ է այն խոսքը, որ քանի դեռ պաշտոնյաների զավակները չեն ծառայում բանակում, մենք անընդհատ ունենալու ենք զոհեր, անվերջ: Որովհետև որևէ մեկին չի հետաքրքրում․․․ այդ ընտանիքների վիճակը: Որովհետև որևէ մեկը չի այցելում: Մեր կազմակերպությունը միշտ այցելել է, գնացել է: Դա իրականացնելու միջոցներ չունի արդեն կազմակերպությունը, բայց գոնե գոնե էդ մարդկանց մխիթարելու, ինչ-որ մի վերաբերմունք ցույց տալու․․․», - ասաց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով, երբ Վիգեն Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության նախարար, նա «անմնացորդ նվիրվեց 1000 դրամների միջոցառմանը»՝ հասնելով ցանկալի նպատակին․ - «Բայց մի անգամ էլ էս մահվան դեպքերով տենց զբաղվեք․․․ Մի անգամ էլ զբաղվեք, թե ինչու են մարդիկ կախվում, ինչու են ինքնասպանություն գործում, չնայած դատարաններում չեն հաստատվում այդ ինքնասպանության դեպքերը, միշտ կոծկվում են․․․ Այ, պետք է նախարարը գնա, որպեսզի թույլ չտա, որ կոծկի Քննչական կոմիտեն այդ գործերը»:

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողները բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացրել Նախագահի նստավայրի, Գլխավոր դատախազության շենքի մոտ: Հարցին, թե կա արդյոք նորություն այդ քրեական գործերի ընթացքից, Ալեքսանյանն արձագանքեց․ - «Գլխավոր դատախազը այս տարի ընդունում էր այդ ծնողներին, որոնք մշտապես բողոքում են: Այդ ծնողները չեն հարմարվում նրա հետ, որ իրենց որդիներին սպանողներին չեն հայտնաբերել, չեն գտել: Նրանք չեն կարողանում դրա հետ հաշտվեն: Պայքարել ոչ բոլորը կարող են, այս մարդիկ պայքարում են տարիներ շարունակ: Գլխավոր դատախազը ընդունեց, բայց ի՞նչ արդյունք: Ոչ մի արդյունք․ իրանք ասում են՝ տարիները անցել են: Տարիները անցել են՝ պատժեք քննությունը իրականացնող մարդուն, ով որ կոծկել ա, ով որ փչացրել ա էդ քննությունը, ով որ չի կատարել իր պարտականությունները, չի բացահայտել: Եվ հայտնի են․ այդ նույն ծնողները դիմել են նաև քննիչներին պատասխանատվության ենթարկելու․․․ դա էլ չեն անում: Իրենք չեն ուզում, որ որևէ մեկը պատասխանատվություն կրի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG