Գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Հատուկ քննչական ծառայությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և Քրեակատարողական վարչությանը նամակ հղած Եղնուկյանը, միևնույն ժամանակ, ահազանգում է, որ «իր կամքին հակառակ դատարան տանելու դեպքում իր նկատմամբ անխուսափելիորեն բռնություն և ուժ է գործադրվելու»:
«Չի գնալու ինքը, փորձելու են բռնություն գործադրել, ինքը փորձելու է հակադարձի․․․ Հնարավոր է առողջությանը շատ լուրջ վնաս պատճառվի: Ինքը պետք է ինչ-որ բան անի, որ գնում: Առաջինը, ուժով պետք է խցից տեղափոխեն, ՔԿ-ի աշխատակազմը պետք է ուժ գործադրի, տանի մինչև դռան մոտ, որպեսզի հանձնի ոստիկանության ուղեկցող գումարտակին: Այսինքն այստեղ երկու բոլորովին տարբեր կառույցներ պետք է իրենց իրավասության տակ ուժ գործադրեն: Այստեղ լուրջ խնդիրներ կան, իսկ 59 տարեկան անձին՝ նման առողջական խնդիրներով, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ», - հայտարարեց Եղնուկյանի նամակը հրապարակած փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Սասնա ծռերի» դատական նիստերից մեկում մոտ մեկ ամիս առաջ դատավորը, ի թիվս այլոց, 10 ժամով սանկցիա կիրառեց նաև Եղնուկյանի նկատմամբ՝ նիստերի դահլիճ շշով ջուր տանելու համար և հեռացրեց նիստերի դահլիճից։
Ըստ փաստաբան Հայրապետյանի, սանկցիան դեռ ուժի մեջ է։ Փաստաբանը նշեց, որ մի շարք հիվանդություններ ունեցող Եղնուկյանի համար դժվար է անմարդկային պայմաններում բանտից տեղափոխվել դատարան․ - «Կարող է 30 տարվա վաղեմության մեքենաներով, երբ որ սալյարկան և բենզինը խառնված իրար, ուգարի հոտը տարածքում: Էդ փոքր մեքենաներն էլ սարքել են չորս խուց․ խցային պայմաններն էնպիսին են, որ դու նստում ես, աջ ու ձախ ուսերդ կպնում են այդ երկաթյա․․․ դագաղի նման երկաթյա քառակուսի արկղ է․․․ և փոքրիկ անցք կա, էդ անցքն էլ ա փակվում: Մեկ անգամ ուշագնաց ա եղել»:
«Ոստիկանական անհարմար ավտոմեքենայից հետո էլ 8 ժամ շարունակ մնալ դատարանի նկուղում՝ է՛լ ավելի ծանր է», - Եղնուկյանի խոսքերը փոխանցեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Բնականաբար, այս պայմանները, գումարած դրան՝ իր խրոնիկական հիվանդությունները, շոգին չդիմանալը․․․ ամեն անգամ սրվում է: Հետո էլ տանում են շենքի նկուղը, նկուղում էլ էդ շոգին քրտնում ա, սառում ա, անընդհատ քրտնում-սառում ա: Ստիպված պետք ա իրա մայկան հանի, քրտինքը, խոնավությունը չորացնի, նորից հագնի»:
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ շնչառության և ողնաշարի հետ կապված հիվանդություններ ունեցող Եղնուկյանի նամակին արձագանքել է միայն Քեակատարողական հիմնարկների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննիսյանը։ Ըստ փաստաբանի, պաշտոնյան վկայակոչել է օրենքը, համաձայն որի դատական սանկցիայի առկայության պայմաններում կալանավորը պարտավոր չէ ներկայանալ դատարան։
Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ «եթե դատարանը պահանջագիր է ներկայացնում կալանավորին դատարան տանելու համար, իրենք պարտավոր են ապահովել նրա ներկայությունը»։
Մինչդեռ Կարո Եղնուկյանն իր նամակում գրում է․ - «Ո՛չ քրեակատարողական վարչությունը, ո՚չ էլ ոստիկանությունը պարտավոր չեն կատարել անօրինական ցուցում։ Եվ սա սադրանք է իշխանությունների կողմից՝ դատավորի ձեռքով ստեղծել այնպիսի վիճակ, որ քրեակատարողական վարչության եւ ոստիկանության ծառայողները ստիպված լինել ուժ գործադրել իմ նկատմամբ»։
«Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալ է», - շարունակում է հայտարարել նրա պաշտպանը։ - «Մեղադրում են, որ նա օժանդակել է Վարուժան Ավետիսյանին, բայց Վարուժան Ավետիսյանին չեն մեղադրում էն ամեն ինչի համար, ինչի համար Եղնուկյանին են մեղադրում: Եղնուկյանին մեղադրում են, որ խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ, որպեսզի շենք-շինությունները զավթած մնան, բայց Վարուժան Ավետիսյանին չեն մեղադրում շենք-շինությունները պահելու, զավթելու համար, որովհետև օրենքի ուժով նա, երբ որ վայր է դրել զենքը և ազատել է տարածքը, գործել է խրախուսման նորմը, և նրան չեն մեղադրում»:
Տիգրան Հայրաետյանը հայտնեց, որ երեք ամիս առաջ Եղնուկյանի կալանքի գործով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տեղեկացել է, որ որոշվել է բողոքը քննել արագացված ընթացակարգով։ Եղնուկյանն ու նրա փաստաբանը պահանջում են ճանաչել նրա իրավունքների խախտումները Հայաստանի կառավարության կողմից՝ մասնավորապես ազատությունից զրկելու եւ անհիմն մեղադրանք ներկայացնելու առումով։