Մոտավոր հաշվարկներով՝ Խոսրովի արգելոցում այրվել է շուրջ 200 հեկտար Գիհիի, 900 հեկտար կաղնու անտառներ և 1600 հեկտար խոտածածկ տարածք։ Այդ մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։
«Սա չի նշանակում, որ ամբողջ տարածքը այրվել է, վերականգնվելու հնարավորություն չկա։ Կան առանձին օջախներ, որոնք կարող են վերականգվել, ուղղակի սարսափելին նա է, որ հատկապես Գիհիի անտառները տասնյակ տարիներ են պահանջվում, որպեսզի վերականգնվեն։ Իսկ բնության հատուկ պահպանվող տարածքներում, հատկապես արգելոցում, մարդկային բոլոր տիպի գործողություններն արգելված են, այսինքն՝ մենք չենք կարող գնալ, Խոսրովի անտառում ծառատունկ կատարել՝ կաղնի, Գիհի, ցանկացած ծառատեսակ, մենք պետք է սպասենք մինչև բնությունն ինքն իրենով վերականգնվի, սա կարող է տասնյակ տարիներ տևի, բայց ստիպված ենք», - ասաց Մանուչարյանը։
Անդրադառնալով վնասների հաշվարկին՝ բնապահպանության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ առաջիկայում համապատասխան հանձնաժողով կստեղծվի, որն ուսումնասիրություններից հետո մանրամասն եզրահանգումներ կկատարի և նոր կհայտարարվի պատճառված վնասի չափը։
«Բնությանը պատճառված վնասը միայն ծառը չէ, որպեսզի մենք խորանարդ մետրով ծառը հաշվարկենք և ասենք, թե այսքան դրամի կամ այսքան հազար դրամի փայտանյութ է վառվել։ Այստեղ կա նաև թթվածնի արտադրություն, և եթե լավ հաշվարկներ անենք, ապա համաշխարհային մակարդակի բուսաբանների տվյալների համաձայն, Ամազոնի այդ տարածքում աճող մեկ ծառը մոտավորապես իր կյանքի ընթացքում տալիս է մինչև 100 հազար դոլարի եկամուտ, դա միայն փայտը չի, բոլոր տիպի բաները հաշվի առած, թե ծառն ինչպիսի օգուտ կարող է տալ՝ և՛ ջրախնայման, և՛ հողապաշտպանության, և՛ թթվածնի արտադրության, և՛ փայտանյութի և այլն, այնպես որ սա բավականին մեծ վնաս է մեզ համար, անդառնալի կորուստ է իհարկե», - ասաց Մանուչարյանը։
Հացին, թե գործ ունենք տասնյակ միլիոնավոր դոլարների կորստի՞ հետ, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. - «Դե բոլոր դեպքերում մեծ վնաս է, տասնյակ միլիոնավոր դոլարները հաշվարկից հետո կերևան, չափը հետո կպարզվի, բայց որ մենք մեծ կորուստներ ունենք դա միանշանակ է»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.