Գերմանիայի իշխանությունները ողջունել են ծագումով թուրք գրող Գերմանիայի քաղաքացի Դողան Ախանլիին ազատ արձակելու՝ Իսպանիայի դատարանի որոշումը և դատապարտել այլախոհ վտրանդիներին հետապնդելու համար միջազգային կառույցների հնարավորությունները չարաշահելու Անկարայի գործելաոճը: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:
Ախանլին ձերբակալվել էր անցած շաբաթ օրը, Իսպանիայի հարավում, սակայն հաջորդ օրը դատարանը նրան ազատ էր արձակել՝ պայմանով, որ չհեռանա Իսպանիայից, մինչ Թուրքիային արտահանձնելու հայցի քննարկումը:
Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, սակայն պարզ չէ, թե նրա դեմ ինչ մեղադրանքներ են հարուցված:
Հայտնի է, որ նա նախկինում գրել է 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերի մասին, որը Թուրքիայի համար զգայուն թեմա է: Անկարան հերքում է լայնորեն ընդունված տեսակետը, որ դա ցեղասպանություն էր, նշում է Associated Press-ը:
Գրողների PEN ընկերակցությունը գտնում է, որ Դողան Ախանլիի հետապնդումը քաղաքական է, քանի որ նա գրել է հայերի ջարդերի մասին, ինչպես նաև քննադատել է մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գովաբանել է Ախանլիին ազատ արձակելու դատարանի որոշումը, նշելով, որ սարսափելի կլինի, եթե Թուրքիան Եվրոպայում բանտարկության ենթարկի Էրդողանի դեմ ձայն բարձրացնող մարդկանց:
«Ես լիովին վստահում եմ Իսպանիայի արդարադատությանը և գիտեմ, որ Իսպանիայի կառավարությունում մեր գործընկերները հասկանում են, թե ինչ խաղադրույք է դրված», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել է, որ Դողան Ախանլիի ձերբակալությունը սխալ էր: «Չի կարելի չարաշահել միջազգային կազմակերպությունների հնարավորությունները, ինչպիսին «Ինտերպոլն» է», - ասել է Մերկելը գերմանական RTL հեռուստաընկերությանը:
Դողան Ախանլին ծնվել է Թուրքիայում, բայց 1984 թվականի հեղաշրջումից հետո, երբ նա մի քանի տարի անցկացրեց բանտում, 1991-ին արտագաղթեց Գերմանիա և Գերմանիայի քաղաքացիություն ստացավ:
Իսպանիան պահում է նաև թուրք-շվեդացի գրող և արձակագիր Համզա Յըլչինին, ով օգոստոսի 3-ին Բարսելոնայում ձերբակալվել է՝ Անկարայի պահանջով: Վերջինիս Թուրքիան որոնում է ահաբեկչության կասկածանքով:
Գրողների PEN ընկերակցությունը և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում են ազատ արձակել Յըլչինին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ Յըլչինի ձերբակալությամբ Էրդողանը փորձում է ցույց տալ, որ իրեն քննադատողներին կարող է հասնել անգամ երկերի սահմաններից դուրս:
Իսպանիայի Տեղեկատվության պաշտպանության ազատության պլատֆորմը ողջունել է Դողան Ախանալիին ազատ արձակելու որոշումը, պնդելով, որ Յըլչինը նույնպես պետք է ազատ արձակվի և որ այդ երկու ձերբակալությունների կապակցությամբ Իսպանիան պետք է բացատրություններ տա: