Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել է օգոստոսի 17-ին։ Այժմ արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: