Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը օգոստոսի 18-ին հրաժարական է տվել:
«Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին և Սթիվ Բենոնը փոխադարձ համաձայնության են եկել այն մասին, որ այսօր կլինի Սթիվի վերջին աշխատանքային օրը», - նշել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը: - «Մենք երախտապարտ ենք նրա մատուցած ծառայությունների համար և նրան ամենայն բարիք ենք մաղթում»:
Բենոնը, ով աջ քաղաքական հայացքների գաղափարախոս Breitbart News պարբերականի նախկին ղեկավարն էր, Թրամփի հիմնական խորհրդականն էր նախընտրական քարոզարշավի, ինչպես նաև նախագահի պաշտոնավարման առաջին յոթ ամիսների ընթացքում:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Բենոնի հրաժարականի պատճառը Թրամփի զայրույթն է` Բենոնի տված հարցազրույցներից մեկի կապակցությամբ, որտեղ վերջինս քննադատել է Հյուսիսային Կորեայի հարցում նախագահի որդեգրած կոշտ քաղաքականությունը:
Դեռ օգոստոսի 15-ին` հարցազրույցից հետո, երբ Թրամփին հարցրել էին, թե արդյո՞ք Բենոնը շարունակելու է պաշտոնավարել, նախագահը արձագանքել էր` «կտեսնենք»: