Մատչելիության հղումներ

Շուկայի վերահսկողության տեսչությունը խախտումներ է արձանագրել Գյումրիի լցակայաններում


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում ոչ-պարենային ապրանքների շուկայում, մասնավորապես՝ թանկարժեք մետաղների, խաղալիքների, ինչպես նաև գազալցակայաններում ու բենզալցակայաններում:

Այսօր Շիրակի մարզի տնտեսվարողների հետ հանդիպմանը տեսչության պետ Լևոն Խալիկյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հատկապես գազալցակայններն ու բենզալցակայաններն են հայտնվել իրենց ուշադրության կենտրոնում՝ մի դեպքում բարձր ճնշման, մյուսում՝ որակին չհամապատասխանելու համար․ - «Գազը լիցքավորող կազմակերպությունն իրավունք չունի գազը լիցքավորել 200 ճնշումից բարձր: 200 ճնշումից բարձր գազը լիցքավորելու դեպքում շատ հաճախակի գազի բալոնը պայթում է՝ բարձր ճնշումին չդիմանալով: Շիրակի մարզում իրականացվել է վերահսկողություն, հայտնաբերվել են մի քանի գազալիցքավորման կայաններ, որտեղ գազը լիցքավորվում էր 200 ճնշումից ավելի բարձր: Իրականացվել է վերահսկողություն նաև վառելիքի շուկայում․ ստուգվել են բենզալցակայաններ, որտեղ հանդիպել ենք, երբ որ ցածր որակի․․․ մակնշված է եղել որպես բարձր որակի, բայց վաճառվել է ցածր որակի բենզին: Կազմվել է նույնպես ակտ, որի արդյունքում տուգանվել են այդ կազմակերպությունները»:

Հարցին, թե որքան է կազմում տուգանքի վերին ու ստորին շեմը, Խալիկյանը պատասխանեց․ - «Գործունեության հասցեում իրականացված ստուգման արդյունքում կազմվում է վարչական ակտ, նշանակվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրից երեքհարյուրապատիկի չափով»:

Խալիկյանն ասում է, որ իրենց պետք չէ ընկալել որպես տուգանող մարմին, այլ հակառակը՝ որպես գործընկեր:

Հանդիպմանը մասնակից տնտեսվարողները բավականին պասսիվ էին, թեպետ, ինչպես նկատեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, իրեն պարբերաբար բողոքում են, թե՝ եկել տուգանել են:

Տնտեսվարողներից մեկը, ով զբաղվում է մանկական խաղահրապարակների կառուցմամբ, դժգոհեց, թե մրցակիցները շուկայում իրենց արտադրանքը կրկնօրիանակել են, բայց՝ անորակ, ու վաճառում են: Պարզվեց, սակայն, որ բարձրացված հարցը այլ հասցեատեր ուներ:

«Դա մեր լիազորությունը չի, բայց մենք պարտավորվում ենք Ձեր կողմից բարձրացված հարցը համապատասխան լիազոր մարմինի տեղեկացնենք ու խնդրենք, որպեսզի հնարավորինս շուտ արձագանքի», - ասաց Խալիկյանը:

Առողջապահական հաստատության մի ներկայացուցիչ դժգոհեց բժշկական ձեռնոցների որակից․ - «Սերտիֆիկատները կա, ամեն ինչը կա, բայց կոնկրետ դեպքերում լինում է, որ բժիշկը չորս-հինգ ձեռնոց օգտագործում է, որ կարողանա նորմալ զբաղվի իր գործունեությամբ»:

Խալիկյանի արձագանքը․ - «Նման դեպքում տեսչական մարմինը լիազորություն չունի: Դուք պետք է կա՛մ հասարակական կազմակերպությունների միջոցով դիմեք, կա՛մ դիմեք համապատասխան լիազոր մարմին»:

Տեսչությունը այս տարվա երկրորդ եռամսյակում Հանրապետության տարածքում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար շուրջ 6 մլն դրամի տուգանքի ակտ է կազմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG