Մատչելիության հղումներ

Մի խումբ փաստաբաններ փորձելու են ձևավորել Փաստաբանների պալատին ալտերնատիվ կառույց


Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատության» ստուդիայում:
Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատության» ստուդիայում:

Սեպտեմբերի 8-ին նշանակված Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանն առաջադրված միակ թեկնածուն պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: «Ազատության» հետ զրույցում Զոհրաբյանն ասել էր, թե շատ կցանկանար, որ իր ընդդիմախոսները միասնական թեկնածություն առաջադրեին:

Փաստաբանների պալատի նախորդ խորհրդի անդամ, Զոհրաբյանի ընդդիմախոսներից փաստաբան Լուսինե Սահակյանը, ով այսօր հյուրընկալվել էր «Ազատության» ստուդիայում, հարցին, թե ինչու հանդես չեկան միասնական թեկնածուով, արձագանքեց․ - «Նախ նշեմ, որ քննադատել պալատի նախագահի գործունեությունը դեռ չի նշանակում, որ քննադատողներից որևէ մեկը ցանկություն ունի, որպեսզի դառնա պալատի նախագահ: Օրինակ, մենք շատ կցանկանայինք, որպեսզի Ռուբեն Սահակյանին տեսնեինք այս պաշտոնում, սակայն Ռուբեն Սահակյանն այլևս պատրաստ չէր պայքարելու փաստաբանների համար, որովհետև այս տարիների ընթացքում հասկացվեց, որ փաստաբաններից շատ-շատերը իրենց պահեցին այնպես, որ կարծես թե նրանց էլ պետք չէր, որ Փաստաբանների պալատը պայքարեր իրենց համար: Եվ, ըստ էության, մենք տեսանք, որ շատ քիչ են փաստաբանները, ովքեր փորձում են պայքարել փաստաբանության համար, նաև մարդու իրավունքների համար: Սակայն պետք է ասեմ, որ այդ քիչը դեռևս ոչինչ չի նշանակում, որովհետև շատ կարևոր է, որ կան մարդիկ, ովքեր այդ պայքարը վերցրել են իրենց վրա: Ես կարծում եմ, որ անպայման չէ, որ դու լինես պալատի նախագահ, որպեսզի կարողանաս պայքարել փաստաբանության համար և փաստաբանության կայացման համար։ Համենայն դեպս, մենք մինչև վերջ ենք պայքարելու, որպեսզի այն կառույցը, որը ստեղծվել է տարիների ընթացքում, և շատ ջանք է դրվել այդ կառույցի վրա, որպեսզի Փաստաբանական պալատը կայանա և լուրջ կառույց դառնա․․․ Մենք չենք թույլ տալու, որպեսզի այս կառույցը նման ավարտ ունենա: Եթե նույնիսկ ոչ կոնկրետ Փաստաբանների պալատում հասնենք նման հնարավորությունների, ապա մենք պայքարելու ենք, որպեսզի լինի այլ, ալտերնատիվ կառույց, և այս երկու կառույցների միջև այսպես ասած մրցակցության արդյունքում կունենանք այն, ինչի համար մենք պայքարում ենք: Այսինքն որ փաստաբանները լինեն իրականում անկախ, իրականում անձեռնմխելի և կարողանան պայքարել ոչ միայն իրենց իրավունքների, այլ գլխավորը՝ այն նպատակի համար, որի համար փաստաբանը գալիս է՝ պայքարի անձանց իրավունքների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG