Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում «Ելք»-ում «անհամաձայնություն չկա»


Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ կրկին հայտարարեց, թե Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը արդարացված է, իսկ կառույց դուրս գալու հարցը «արհեստական օրակարգ է»:

«Եթե մենք չմտնեինք Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանի կոնյակը, որը Եվրոպայում բրենդի է կոչվում, պետք է Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում վաճառեի՞նք: Ի վերջո, մենք միացել ենք 180 միլիոնանոց շուկայի, որը մեզ մեծ հնարավորություն է տալիս զարգացման: Մենք գտնում ենք, որ սա արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար», - ասաց Շարմազանովը:

Եվասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանն էր բարձրաձայնել դեռ մեկ ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով հայաստանյան վարորդական իրավունքով Ռուսաստանում աշխատելն անհնար դարձավ:

Երեկ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շարմազանովը նաև ասաց, թե «Ելք» դաշինքից դեռ միասնական դիրքորոշում չի լսել ԵԱՏՄ-ի վերաբերյալ․ - «Եթե «Հանրապետություն» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստանը» իրենց առաջնորդների և ակտիվիստների մակարդակով հայտնել են իրենց տեսակետը, ապա առնվազն մինչ այս պահը ես չեմ լսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հստակ դիրքորոշում, թե նրանք կողմ թե դեմ են Եվրասիական տնտեսական միությանը»:

«Դաշինքում կա համաձայնեցված դիրքորոշում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ, և դա ամրագրված է Ազգային ժողովի ընտրությունների մեր նախընտրական ծրագրում, որտեղ գրված է, որ «Ելք» դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման հարցի վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը: - «Մենք չունենք անհամաձայնություն այս հարցում մեր դաշինքում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը սխալ քաղաքականություն էր: Կարող ենք թերևս մեր գործընկերների հետ տարբեր կարծիքներ ունենալ, թե երբ է ամենաճիշտ ժամանակը միությունից դուրս գալու առաջարկով հանդես գալու համար»:

Անդրադառնալով Շարմազանովի պնդմանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար արդարացված էր, նաև տնտեսական առավելություններ տվեց՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, տնտեսագետ, Տիգրան Ավինյանը հակադարձեց․ - «Մեկուկես միլիարդ դոլարի կարգի արտահանումինց արդեն մի չնչին տոկոսն է՝ լոլիկներն ու վարունգները․․․ Շատ փոքր տոկոսի մասին է խոսքը: Փորձել արդարացնել ԵԱՏՄ մտնելը լոլիկի և վարունգի վաճառքով, կարծում եմ, փոքր-ինչ ծիծաղելի է: Ասեմ ավելին․ նախկինում մենք ունեցել ենք համաձայնագրեր Ռուսաստանի հետ և անխոչընդոտ արտահանել ենք մեր բուսական մթերքները դեպի Ռուսաստան, և չեմ կարծում, որ այդ նախկին պայմանագրի շրջանակում որևէ խոչընդոտ եղել է: Որոշ բաներ կարող է և հեշտացրել են, բայց ուզում եմ ասել, որ արտահանման ծավալների մեջ դրանք մեծ թիվ չեն»:

Իսկ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը կեղծ օրակարգ որակելուն Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե մեկ գիշերում Սերժ Սարգսյանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացնելուց հետո Հանրապետականն իրավունք չունի գնահատականներ տալ․ - «ԵԱՏՄ մտնելու հարց չենք ունեցել չորսը տարի մեր օրակարգում, և մեկ գիշերում ունեցել ենք օրակարգում և միանգամից մտել ենք: Չորսը տարի մեզ ասում էին, որ դա մեզ պետք չի, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չի և այլն․․․ մեկ գիշերում ամբողջ այդ տրամաբանությունը փոխվեց, և մենք հայտնվեցինք ԵԱՏՄ-ում: Հետևապես, կարծում եմ, որ չի կարող լինել մի բանի քննարկումը կեղծ օրակարգ, որը տեղի է ունեցել մի օրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG