Մատչելիության հղումներ

Պուտինի խոսնակի որդին՝ Նավալնիի հիմնադրամի հերթական հետազոտության «հերոս»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Մենք գիտենք, թե այդ մասնագիտությունը ինչպես է կոչվում՝ այն կոչվում է կոռումպացված հայրիկի որդի», - հայտարարում է Ալեքսեյ Նավալնին:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ավագ որդու՝ Նիկոլայ Չոուլզի դոսյեն՝ ենթադրաբար նրան պատկանող ունեցվածքը, նրա նախասիրությունները:

Չոուլզը Պեսկովի որդին է առաջին ամուսնությունից: Նրա մայրը սովետական զորավար Սեմյոն Բուդյոնիի թոռնուհին է: Պեսկովի 27-ամյա ավագ որդին բնակվել է Մեծ Բրիտանիայում, Ռուսաստան է վերադարձել մի քանի տարի առաջ:

Բաց աղբյուրներից, մասնավորապես՝ Instagram-ից վերցված լուսանկարները ցույց են տալիս, որ Նիկոլայ Չոուլզը էլիտար, թանկարժեք մեքենաներ է վարում՝ Tesla, Range Rover, Ferrari, Mercedes, ունի նաև Harley Davidson մոտոցիկլ, ճամփորդում է մասնավոր օդանավերով: Նա Մոսկվայի կենտրոնում մեծ բնակարան ունի, ժամանակ է անցկացնում զբոսանավերում, ձիասպորտով է զբաղվում, ընդ որում՝ ոչ մի տեղ չի աշխատում:

«Ոչ մի տեղ չի աշխատում, բայց Մոսկվայի կենտրոնում բնակարան է գնում, թանկարժեք ավտոմեքենաներ, ժամացույցներ, ճամփորդում է, ձիասպորտով է զբաղվում: Մենք գիտենք, թե այդ մասնագիտությունը ինչպես է կոչվում՝ այն կոչվում է կոռումպացված հայրիկի որդի», - իր տեսանյութում ասում է Ալեքսեյ Նավալնին:

Հետաքննությունը, հղում կատարելով բրիտանական արդարադատությանը, նշում է, որ Չոուլզը, երբ դեռ ապրում էր Բրիտանիայում, մասնակցել է դեռահասների վրա կատարված առնվազն երկու հարձակումների, ինչի համար 2009 թվականին դատապարտվել է և մեկ տարի անցկացրել է բանտում:

Ռուսաստանում ևս նրա դեմ գործ էր հարուցվել իր իսկ տատի վրա հարձակվելու համար, սակայն գործը փակվել էր:

Նավալնիի հիմնադրամը նաև պարզել է, որ Չոուլզը ալիմենտներ չի վճարում և մեկ տարվա ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է 116 անգամ, բայց Ճանապարհային ոստիկանությունը, համապատասխան մարմինները դրա վրա աչք են փակում:

Ռուսաստանյան РБК գործակալությանը Պեսկովի որդին այս տեսահոլովակը մեկնաբանելիս այն որակել է որպես մղձավանջ: Ինքը Պեսկովը մեկնաբանություն դեռ չի տվել, նա արձակուրդում է:

Ռուսատսանցի փորձագետները, սակայն, ասում են, թե Կրեմլի խոսնակը ստիպած է լինելու արձագանքել:

«Ամենայն հավանականությամբ իշխանությունները կպատասխանեն Նավալնիի այս նեղադրանքներին», - «Էխո Մոկսվի» ռադիոկայանին ասել է Carnegie. ru-ի գլխավոր խմբգիր Ալեքսանդր Բաունովը: - «Պեսկովին պետք է մտածել, թե ինչ պատասխանել: Իշխանությունները կլռեն մի քիչ, հետո ստիպված կլինեն արձագանքել»:

Ռուսական ինտերնետում կա տարածված կարծիք, թե Նավալնին քննադատում է բոլորին բացի Պուտինից: Մասնավորապես հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին կարծում է, թե Նավալնին հատուկ է շրջանցում Պուտինի թեման։

Ռուս փորձագետների մի մասն էլ կարծում է, որ Պուտինի մասին ֆիլմը Նավալնին կհրապարակի նախագահական ընտրությունների նախօրեին։

Հիշեցնեմ, նախագահական ընտրությունները Ռուսաստանում կկայանան եկող տարի մարտին։ Նավալնին այդ ընտրություներին մտադիր է մասնակցել, սակայն իշխանությունները պնդում են, որ կոռուպցիայի դեմ պայքարող ընդդիմադիրն այդ հնարավորությունը չունի՝ դատվածության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG