Մատչելիության հղումներ

Փաստաբան Պապիկյանը սպառնալիքներից «չի վախենում» և «կշարունակի աշխատել»


Փաստաբան Արայիկ Պապիկյան, արխիվ
Փաստաբան Արայիկ Պապիկյան, արխիվ

Փաստաբան Արայիկ Պապիկյանին և նրա ընտանքի անդամներին ուղղված սպառնալիքների մասին հաղորդումների հիմքով Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Երեկ Գլխավոր դատախազը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել էր քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած բողոքում առկա հանգամանքները և նյութեր նախապատրաստել։

Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ սպառնալիքները կապված են իր մասնագիտական գործունեության հետ: Նա Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի պաշտպանն է: Փաստաբանը ներկայացրեց «Ֆեյսբուք» սոցցանցով ստացած երկու նամակները, որոնցում Էմմա Սահակյան անվամբ օգտատերը հայհոյախառն արտահայտություններով փաստաբանից պահանջում է «չպաշտպանել մարդասպաններին» և սպառնալիքներ հնչեցնում Պապիկյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին։

«Պահանջում են որոշակի գործերով դադարեցնել իմ մասնագիտական գործունեությունը: Մինչև վերջին նամակն այդ ամենն ուղղված էր իմ և իմ գործունեության դեմ: Վերջին դեպքում սպառնալիքներն ուղղված են նաև ընտանիքիս անդամներին: Ընդ որում, գրեթե վստահ եմ, որ այդ նամակներն ուղարկողը կեղծ օգտատեր է»,- հայտարարեց Պապիկյանը:

Նա ասաց, թե չի կարող վերարտադրել նամակի բովանդակությունը, քանի որ այն «վերջին հայհոյանքներն է պարունակում»։ Փաստաբանը նաև ասաց, թե սա հերթական հետապնդումն է պաշտպանի նկատմամբ, նույն տրամաբանության մեջ դիտարկելով «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթները, կարգադրիչների կողմից, իրենց բնորոշմամբ՝ խուզարկությունները։ «Ես ենթադրում եմ, որ կոնկրետ այս երկու նամակները վերաբերում են «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի ու մյուսների գործով իմ ներգրավվածությանը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

«Միայնակ Գայլի» փաստաբանը դժվարանում է ասել, թե ովքեր կարող են կանգնած լինել Էմմա Սահակյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ թիկունքում, ամեն դեպքում չբացառեց նաև իշխանություններին մոտ կանգնած անձանց վարկածը․«Ոչինչ չեմ բացառում, բայց չեմ էլ պնդում, որ դա տուժողների կողմից է արվում: Ես կարծում եմ, որ նրանց շահերից չէր բխի նման նամակներ ուղարկելը»: Պապիկյանը, ի հեճուկս նամակի հեղինակի, հայտարարում է՝ իր նկատմամբ սկսված հետապնդումից չի վախենում և ավելի մեծ ջանասիրությամբ է շարունակելու աշխատել։

Պապիկյանին ուղղված սպառնալիքների կապակցությամբ իրավապահ մարմիններին էր դիմել Փաստաբանների պալատի նախագահը՝ կոչ անելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջոցներ ձեռնարկել՝ փաստաբանի պաշտպանության համար։ Արայիկ Պապիկյանը, սակայն, հրաժարվում է ոստիկանության պաշտպանությունից։ «Ազատության» հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը անթույլատրելի համարեց փաստաբաններին ուղղված սպառնալիքները:

Արայիկ Պապիկյանի պաշտպանությամբ է հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ «Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է և քրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ վարույթ նախաձեռնեն», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG