Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցում «այս պահին, ըստ էության, խնդիրը լուծված է». փոխվարչապետ


Վաչե Գաբրիելյան, արխիվ
Վաչե Գաբրիելյան, արխիվ

Համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալիորեն կանխել Խոսրովի արգելոցում հրդեհի առավել մեծ տարածումը։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը, նշելով, որ իրավիճակն ամբողջովին վերահսկողության տակ է։

Փոխնախարարի խոսքով՝ ներկա պահին արգելոցում իրականացվում են մարման աշխատանքներ՝ երկուսուկես կիլոմետր պարագծով և երեք կիլոմետր խորությամբ։

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, Ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, Անտառտնտեսության, Բնապահպանության պետական տեսչության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ և իրավապահներ։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով», - ասաց Կարապետյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կանցկացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ դասերը սերտելու, անտառային հրդեհներին արձագանքելու, կարողությունները զարգացնելու և անտառային հրդեհները կանխարգելելու համար, նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Նիստը վարող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ ասաց, որ այս պահին բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարներ Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Տոնոյանը գտնվում են Վայոց ձորում և ակտիվորեն ներգրավված են աշխատանքներում։

Փոխվարչապետը նաև նշեց, որ խնդիրը գտնվում է նախագահի և վարչապետի վերահսկողության ներքո։

«Գտնում եմ, որ այս պահին, ըստ էության, խնդիրը լուծված է», - ասաց Գաբրիելյանը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Երեկ առավոտյան Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդեց, որ հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով՝ 16 կմ-ից, իսկ երեկոյան՝ որ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:

Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան: Ինքնաթիռն արդեն 12 թռիչք է իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG