Մատչելիության հղումներ

Ռուս-բելառուսական առաջիկա զորավարժությունները մտահոգել են բալթյան երկրներին


Լատվիայի ՊՆ պետքարտուղար Յանիս Գարիսոնսը հարցազրույցի ժամանակ
Լատվիայի ՊՆ պետքարտուղար Յանիս Գարիսոնսը հարցազրույցի ժամանակ

Ինչո՞ւ են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությունները բալթյան երկրներում մտահոգության տեղիք տվել: Ինչպե՞ս են նախկինում Խորհրդային Միությունում ընդգրկված, իսկ հիմա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Լիտվան, Լատվիան և Էստոնիան արձագանքելու իրենց սահմաններին ռուսաստանցի զինվորականների տեղակայմանը: «Ազատության» Current Time հեռուստանախագծին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով այդ հարցերին` Լատվիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Յանիս Գարիսոնսը վերահաստատել է՝ բալթյան երկրների մտահոգությունը պատահական չէ:

Թեև Բելառուսն ու Ռուսաստանը առաջին անգամ չեն համատեղ զորավարժություն անցկացնում, և թեև երկու երկրներից էլ պնդում են, որ սեպտեմբերին նախատեսված «Զապադ 2017»-ը պատասխան չէ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ամրապնդմանը, այդուհանդերձ, տարածաշրջանում այդ զորավարժությունների անցկացումը աննախադեպ անհանգստություն է առաջացրել:

«Մեր անհանգստությունը կապված է 2009 և 2013 թվականների հետ: Մենք, իհարկե, չենք ասում, որ զորավարժություններ չպետք է անցկացվեն: Բայց մեզ առաջին հերթին անհանգստացնում է զորավարժությունների սցենարը, ինչպես նաև դրանց ոչ-թափանցիկությունն ու կազմակերպումը: Նախկինում մենք տեսել ենք, թե ինչպես են հայտարարում զինվորականների մի թիվ, որը չի համապատասխանում իրական թվին: Եղել են նաև այլ անհամապատասխանություններ», - հայտարարել է լատվիացի բարձրաստիճան պաշտոնյան, հիշեցնելով, որ նախորդ զորավարժությունները տեղի են ունեցել 2013 թվականին՝ Ղրիմի շուրջ իրադարձություններից բառացիորեն մի քանի ամիս առաջ: «Արդեն այն ժամանակ մենք բազմիցս մտահոգություն էինք հայտնել, հարցը քննարկվել էր նաև ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդում, և արդեն այն ժամանակ թափանցիկության խնդիր կար», - շեշտել է լատվիացի պաշտոնյան:

Համատեղ ռուս-բելառուսական զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին և կշարունակվեն վեց օր: «Զապադ 2017»-ին մասնակցելու է շուրջ 12 հազար զինծառայող։ Զորավարժությունները ծավալվելու են միաժամանակ թե՛ Բելառուսի, թե՛ Ռուսաստանի տարածքներում: Միայն Բելառուսի տարածքում զորավարժություններին կմասնակցի 7 հազար բելառուսցի և ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինծառայող: Ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություններում ներգրավված է լինելու նաև 680 միավոր զրահատեխնիկա:

«Մենք հետևելու ենք մեր սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին: Չեմ ուզում հայտարարել, թե կոնկրետ ինչ կարող է տեղի ունենալ, սակայն կարող եմ ասել, որ մեզ համար ցանկալի չէ, որ զորավարժությունների կազմակերպիչները օգտագործեն «հարձակման սցենար», ինչպես եղել է 2013 թվականին: Մենք հասկանում ենք, որ կարելի է ծանր տեխնիկան և հրթիռները օգտագործել ահաբեկչական խմբավորումների ոչնչացման համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ հրասայլերն այլ նպատակներով են օգտագործվում», - «Ազատության» Current Time հեռուստանախագծին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Յանիս Գարիսոնսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG